ԽԵՂԴՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Գյումրու հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումներն այնքան հաճախակի են դարձել, որ գործարարները հայտնվել են անելանելի դրության մեջ:
Ստուգումներն, իհարկե, հիմնականում ավարտվում են խոշոր տուգանքներով: Նման ահազանգեր ստանում ենք հատկապես հագուստի առեւտրով զբաղվող մանր ու միջին ձեռնարկատերերից: Տոնավաճառի աշխատակիցների հավաստմամբ` իրենք գրեթե ամեն օր անկոչ հյուրեր են ունենում: Հարկային մարմինների վարած հենց այս քաղաքականության պատճառով է, որ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում 445 հարկ վճարող անհատ ձեռներեց դադարեցրել է իր գործունեությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է նաեւ այն անհատ ձեռնարկատերերի թիվը, որոնք գերադասել են ոչ թե աշխատել, այլ ժամանակավորապես հարկայինին հանձնել պետական գրանցման վկայականը: Սա, իհարկե, լավ օրից չէ եւ խոսում է այն մասին, որ մարդկանց համար անհնար պայմաններ են ստեղծվել: Փոխարենը հարկայինից անթաքույց հպարտությամբ հայտարարում են, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են ուղարկել 1 մլդ 989 մլն դրամ: Տուգանքների հաշվին էլ բյուջե է ուղարկվել բավականին զգալի գումար` 1 մլդ 823 մլն դրամ:
Իսկ այն, որ ավելացել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնող անհատ ձեռներեցների թիվը, հարկայինում ամենեւին չեն կապում իրենց վարչարարության հետ, ավելին, կարծում են, որ այդ հարցով մտահոգվելու առիթ չկա: «Նշված հարկ վճարողների գերակշիռ մասը որոշ ժամանակ անց հետ են վերցնում իրենց վկայականները: Դա արդեն ենթադրում է գործունեության վերսկսում»,-ասում է Գյումրու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ Աշոտ Ավագյանը:
«Ժամանակը գուկա, որ բոլորս էլ կփակենք մեր տաղավարները, կէրթանք: Ես անձամբ գնալու եմ էս քաղաքից, որովհետեւ շատ դժվար է: Հարկայինը թող գա, փող տա, ես ուրդեղի՞ց տամ իրանց, եթե առեւտուր չեմ էնե»,-ասում է մանրածախ առեւտրով զբաղվող Լուսյա Անտոնյանը:
Նրա հարեւանությամբ առեւտրով զբաղվողներից մեկն էլ հավելում է. «Հոգնել ենք հարկայինից էլ, պետությունից էլ: Օդերս փակել են, կըսեն շնչեք: Օր ու մեջ որ գուկան, կտուգանեն, հեչ կմտածե՞ն, որ մի օր էլ էրթան էն խոշորի գլխից բռնեն: Չեն մտածե, դրա համար մեր օրն էս է»:
«Ստուգումները հաճախակի բնույթ կրում են եւ կկրեն»,-ի պատասխան այս դժգոհությունների` հայտարարում են հարկայինից եւ մանրամասնում, որ ՀԴՄ կտրոն չտրամադրողները, իրական եկամուտը թաքցնողները, անբարեխիղճ հարկատուները տուգանվելու են:
Հարկ է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Գյումրու հարկային տեսչությունում շատ են հաճախակիացել կադրային փոփոխությունները: Վերջին 3-4 տարում 4-5 պետ է փոխվել այս կառույցում, ինչն իսկական պատուհաս է գործարարի համար, ով վախով սպասում է` տեսնես ով է լինելու հաջորդը:
Հարկայինի ներկայիս պետը Հրանտ Կարապետյանն է, ով ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Եղել է Արթիկի հարկային տեսչության պետը եւ հիմա բավականին «հաջող» գործունեություն է ծավալում. անխնա տուգանքներ են կիրառվում նաեւ պետական կառույցների նկատմամբ: Այնպես որ կարելի է ենթադրել, որ նա դեռ կշարունակի իր գործունեությունը Շիրակի մարզում: Իսկ թե դա ինչ ազդեցություն է թողնում անհատ ձեռներեցների վրա, առավել քան ակնառու է վերը ներկայացված պաշտոնական թվերից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս