Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:
Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն: