2022 թվականին ՀԿԵ-ն ապահովել է բեռնաշրջանառության և ուղևորահոսքի աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության՝ 2022 թվականին իրականացրած բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

2021 թվականի համեմատ անցյալ տարի 15 %-ով ավելի ուղևոր է փոխադրվել։ Ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։ Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի և կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչը 3,3 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը։ Ներմուծման հաղորդակցությունում ապահովվել է 39,9 տոկոս աճ ՝ ավելի քան 906 հազար տոննա, հիմնականում երկաթուղում հացահատիկի, նավթալից և արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:

Երկաթուղային փոխադրումների գրավչության ավելացման հաշվին ավելացել է նաև ՀԿԵ-ի ուղևորների թիվը։ 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 հազար ուղևոր, ինչը 15 %-ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։

Ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջությամբ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, շարժակազմում՝ մոտ 900 մլն դրամ։

«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին։ Բիզնեսի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ մեզ տեսնում են որպես հուսալի գործընկեր, որն ապահովում է բեռների երաշխավորված և ժամանակին առաքումը»,- հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը՝ ամփոփելով ընկերության 2022 թվականի աշխատանքի արդյունքները։ – Ավելի ու ավելի շատ հյուրեր և Հայաստանի քաղաքացիներ են վստահում մեզ իրենց ժամանակը և անվտանգությունը՝ ճամփորդությունների համար ընտրելով երկաթուղին, ընդ որում՝ այս բոլոր ցուցանիշները մեր աշխատանքի միայն տեսանելի մասն են, որի տակ այսբերգի նման թաքնված է հազարավոր մարդկանց ամենօրյա ու տքնաջան հսկայական աշխատանքը»։




Լրահոս