Վերջերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ Լեւոն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի խմբագրությանը նամակ էր ուղարկել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ խմբագրություն, սույն նամակով ուզում եմ ձեր օգնությամբ հանրության ուշադրությունը հրավիրել իմ դեմ դատարանի կողմից կայացված անօրինական որոշումների վրա, որոնք կայացվել են օրենսգրքի նորմերի կոպիտ եւ ակնհայտ խախտումներով»:
Դատապարտյալը նամակին կից խմբագրություն էր ուղարկել դատարանների կողմից կայացված որոշումների օրինակները, որոնցում մասնավորապես ասվում է. «Դռնբաց դատական նիստում քննելով Լեւոն Դերենիկի Գրիգորյանի քրեական գործը` դատարանը հանգել է այն եզրակացության, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 329-րդ հոդվածի 1-ին մասերով»:
Որպես հավելում նշենք, որ տվյալ քրգործը հարուցվել է 02.12.1995թ., իսկ գործի փաստական հանգամանքները հետեւյալն են. «Նախաքննության մարմինն ամբաստանյալ Լեւոն Դերենիկի Գրիգորյանին ՀՀ քր. օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 329-րդ հոդվածի 1-ին մասերով մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նախնական համաձայնության գալով Անդրանիկ Մովսիսյանի, Ռուբեն Առուշանյանի, Զավեն Կիրակոսյանի հետ, Ռ.Առուշանյանից վերցնելով եւ առանց համապատասխան թույլտվության ապօրինի կրելով հրազեն հանդիսացող ինքնաձիգը` 1995թ-ի նոյեմբերի 30-ին` ժամը 24:00-ի սահմաններում, Ռ.Առուշանյանի անձնական օգտագործման «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւան քաղաքի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի 15 տան մոտ, որտեղ Լ.Գրիգորյանը` զինված ինքնաձիգով, Ռ.Առուշանյանը` ատրճանակով, Զ.Կիրակոսյանն` առանց զենքի, Ա.Մովսիսյանը` զինված խաղալիք ատրճանակով, դիմակավորված մտել են նշված բնակարան, սպառնացել տուժողներ Արաքսյա Մարտիրոսյանին, Արմեն Հարությունյանին, ինչպես նաեւ Գեւորգ Մարտիրոսյանին՝ նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս ծեծի ենթարկելով` պատճառել են նրա առողջությանը կարճատեւ քայքայող թեթեւ մարմնական վնասվածք, իրենց հետ բերված թելերով կապել են տուժողների ձեռքերն ու ոտքերը, ապա բնակարանից հափշտակել ոսկյա զարդեր, տարբեր ապրանքներ ու կանխիկ գումար` տուժողներին պատճառելով 9.114.278 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գողություն կատարելուց հետո նա պատահական տաքսի ավտոմեքենայով հատել է Հայաստան-Վրաստան պետ. սահմանը, ապա 1996թ-ից մեկնելով Ռուսաստանի Դաշնություն` բնակվել է ՌԴ-ում եւ Լեհաստանում. այսինքն` հանցագործություն կատարելուց հետո` 1996 թ.-ից, գտնվել է հետախուզման մեջ»:
ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ՆԱՄԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ