Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա՝ հունվարի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել:
«Եթե նկատի ունեք որևէ պաշտոնական առաջարկ, որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Փաշինյանն՝ ըստ էության հերքելով իր իսկ թիմակից, Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանին ստիպում են Միութենական երկրի կազմ մտնել:
Նման հայտարարություն, հիշեցնենք, Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ էր արել՝ նշելով. «Հայաստանին ճնշում են Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար։ Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով»:
Գրիգորյանը, փաստորեն, ոչ միայն ինչ-որ անհայտ ճնշումների, այլ նաև դրան չահամձայելու պատճառով հրահրվող ռազմական գործողությունների մասին էր հայտարարում: Եվ այժմ, փաստացի, ամենաբարձր մակարդակով հերքվում է նրա ասածը:
Թե իրականում ինչ է թաքնված այս հակասությունների ու միմյանց հերքելու շքերթի ներքո, բարդ է հասկանալ: Նկատենք, սակայն, որ Գրիգորյանի հայտարարությունը պաշտոնական Մոսկվան սադրիչ էր որակել: «Ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա նման բան չի ասել և ոչ մեկի միջոցով չի փոխանցել հայկական կողմին»,-News.am-ի հետ զրույցում ասել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Սևակ Վարդումյան