Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով:
Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը:
ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:
Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ: