ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում զորավարժությունների չեղարկման մասին. Զայնետդինովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների, ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ 2023 թվականի համար նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություն անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունները չեղարկելու մասին»,- նշել են կազմակերպությունից։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները»,-հավելել են ՀԱՊԿ-ում։




Լրահոս