Հացն ու ձուն թանկացել են. գնաճ՝ սպառողական շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնաճ է արձանագրել: Հանրապետության բոլոր քաղաքներում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-1.1 տոկոսով: Երեւանում սպառողական գներն աճել են 1.1 տոկոսով:

Թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացի գինը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին նոյեմբերի հետ համեմատ բարձրացել է 0.3 տոկոսով: Բայց մեկ տարվա ընթացքում հացը թանկացել է 14.3 տոկոսով: Թանկացել է նաեւ ձավարը, հաճարը: Իսկ ահա սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են 2.4 տոկոսով: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.3 տոկոսով:

Ձվի գինն է բարձրացել. հավկիթի շուկայում դեկտեմբեր ամսին նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.6 տոկոս գնաճ: Կարագի և հրուշակեղենի գները եւս բարձրացել են: Կարագի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 4 տոկոսով, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ այն թանկացել է 0.3 տոկոսով:

Ալյուրն է էժանացել՝ 0.6 տոկոսով: Բայց մեկ տարվա ընթացքում, հակառակը, այն թանկացել է 7.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ բրձնի, ոսպի, մակարոնեղենի, հնդկացորենի, ոլոռի, մարգարինի շուկաներում: Նշված ապրանքատեսակները նախորդ տարվա դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել են, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ՝ էժանացել, բայց չնչին:

Շաքարավազի շուկայում եւս գնանկում է արձանագրվել՝ 0.1 տոկոսի չափով: Արեւածաղկի ձեթն է էժանացել. այս շուկայում վիճակագրական կոմիտեն արձանագրել է 2.,1 տոկոս գնանկում:

Իսկ ահա բանջարեղենը բավականին թանկացել է: Բանջարեղենի շուկայում ամանորի նախաշեմին արձանագրված գնաճը կազմել է 13.7 տոկոս:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս