Ավտոներկրողները դիմել են ArmLur.am-ին՝ նշելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ են ստեղծել իրենց համար:
Մեզ դիմած քաղաքացիներից մեկը նշել է, որ ՊԵԿ աշխատակիցներն իրենց տրամադրում են տիպային պատասխաններ, որտեղ չեն նշում «ոչ մեքենայի VIN -ը, ոչ էլ՝ մոդելը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում իդենտիֆիկացնել մեքենան»։
«2018-2020 թթ․ Հայաստանը, խախտելով ԵԱՏՄ-ին միանալու Պայմանագրի 31-37 կետերը, թույլ տվեց ներքին օգտագործման համար պայմանականորեն մաքսազերծված տրանսպորտային միջոցների վաճառքը և արտահանումը։ 2023 թվականի այդ տրանպորտային միջոցները ստացան ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Դրանց սեփականատերերն այսօր դիմում են ՊԵԿ այդ ավտոմեքենաների մաքսային ստատուսի մասին տեղեկանք տրամադրելու համար։
Արդյունքում, Բագրատաշենի անցակետը (որը որ նույն ՊԵԿ-ի կառույցն է, ու ոնց երևում է՝ էտ կոմիտեում շունը տիրոջը չի ճանաչում) թույլ չի տալիս մեքենան դուրս հանել ՀՀ տարածքից նման տեղեկանքով, մարդիկ պատանդի կարգավիճակով մնացել են Հայաստանում, որովհետև ՊԵԿ-ի աշխատակիցները աշխատել չեն ցանկանում։ Մարդկանց Բագրատաշենից հետ են տալիս Երևան»,- ArmLur.am-ին տեղեկացնում է ավտոներկրողը։
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտե, որտեղից պատասխանեցին, որ ավտոմեքենաների կարգավիճակի մասին Կոմիտե դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։
«Համաձայն «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Բացառություն են կազմում 339-ը տրանսպորտային միջոցներ, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն: Նշված 339 տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025թ. հունվարի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում»,- նշված է ՊԵԿ պարզաբանման մեջ:
Ըստ ՊԵԿ-ի՝ անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ստորև։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը առկա է ցանկում և դրա համար չեն վճարվել ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով հարկերը կամ մաքսատուրքերը, ապա վերջինս չունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Ավելին, պարզվում է, որ մնացած բոլոր դեպքերում՝ վերոնշյալ տրանսպորտային միջոցները 2023թ-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ ՊԵԿ-ից հայտնեցին, որ այս մասին պաշտոնական գրություններով տեղեկացվել է նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին։