Հունվարի 16-ին մեկնարկելու է Ազգային ժողովի այս տարվա առաջին նստաշրջանը: Այս շաբաթ արդեն իսկ տեղի են ունենում հանձնաժողովների նիստեր, իսկ օրակարգը հաստատվելու է վաղը՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը վաղը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ժամանակ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ: Այն պետք է քննարկվի հանձնաժողովում, ապա արդեն լիագումար նիստում:
Հայտարարության մեջ նշվում է, թե Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:
Նշվում է նաեւ, որ այս հայտարարության տեքստով նրանք կոչ են անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերը ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ եւ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ:
Նաիրա Հովհաննիսյան