Ռուսական «Взгляд» պարբերականն անդարդարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ունեցած մամուլի ասուլիսին: «Փաշինյանը որոշել է ռիսկի տակ դնել հայկական պետականությունը» վերտառությամբ հրապարակման մեջ հոդվածագիրն առանձնացրել է լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսի՝ Ռուսաստանին ու տարածաշրջանին վերաբերող հատվածները:
Այսպես՝ հոդվածի առաջին պարբերությունում հեղինակն ասում է, որ Փաշինյանն ասուլիս ընթացքում մի քանի սենսացիաներ արեց. Նախ հայտարարեց, թե հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, ապա հասկացրեց, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին կարող են ՄԱԿ-ի զորքերը փոխարինել:
Հոդվածագիրը հաջորդիվ հարց է տալիս ու սկսում մանրամասնել, թե ինչո՞ւ է հնարավոր, որ Փաշինյանի՝ Երևանի ու Բաքվի կոնֆլիկտը Թուրքիայի կամ Արևմուտքի միջոցով լուծելու քաղաքականությունը հայոց պետականության կորստի հանգեցնի:
Ըստ հոդվածագրի՝ Փաշինյանի խոսքերը երկու միտումների տրամաբանական հետևանք են: «Դրանցից առաջինն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Ղարաբաղյան կարգավորման հիմքերը խարխելու համակարգային քաղաքականությունն է, ինչը թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական չափումներ ունի: Մարտավարական առումով՝ Ադրբեջանը, օգտագործելով Ռուսաստանի կենտրոնացումը ռազմական հատուկ գոտում (Ուկրաինայում- Ս.Վ.), փորձում վերանայել Ղարաբաղյան վերջին պատերազմի՝ իր համար առանց այն էլ հաղթական արդյունքները։ Մասնավորապես՝ շրջափակով խեղդել Լեռնային Ղարաբաղի՝ Մոսկվայի կողմից փրկված հատվածն ու այնտեղի հայերին հարկադրել լքել իրենց տները։ Ըստ երևույթին, Ադրբեջանը կարծում է, որ Մոսկվան չի միջամտի նման քաղաքականությանը»,- գրում է ռուսական պարբերականը:
Թարգմանեց՝ Սևակ Վարդումյանը