Սահմանամերձ Տավուշում գինու գործարան է վաճառվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել սահմանամերձ Բերդավանի գինու գործարանը: Նշենք, որ «Բերդավանի գինու գործարանը» հիմնադրվել է 1946 թվականին:
Այն ժամանակին մթերել է 10 հազար տոննա խաղող: Ի դեպ, այս օրերին գործարանի արտադրած գինիները վաճառվում են ռուսաստանյան որոշ քաղաքներում:
ArmLur.am-ը կապ հաստատեց գործարանի տնօրեն Արշակ Ավագյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է գործարանը վաճառելու պատճառը: Մեր հարցին ի պատասխան տեղական արտադրողն ասաց. «Ֆինանսական խնդիր է, ուզում ենք վաճառել: Հարմար չէ, չենք կարողանում աշխատել»:
Իսկ ահա Բերդավանի վարչական ներկայացուցիչ Արամ Զուրաբյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ ինքն այս օրերին զանգահարում է այն մարդկանց, որոնք ծնվել են տարածաշրջանում եւ ֆինանսապես ապահովված են ու առաջարկում է գնել գինու գործարանը. «Ափսոս է, թող Տավուշում ծնվածը գնի»:
Սյունէ Համբարձումյան