Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:
Նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը Վահագն Խաչատուրյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանան համալսարանի նորանոր հաջողություններ արձանագրելու գործընթացին, այլ պետք է անել ամեն հնարավորը՝ զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:
«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնած ենք՝ որպես երկիր, կուզեի որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը, ուսանողներն իրենց տեղում պետք է լինեն, դասախոսներն՝ իրենց, համալսարանի ադմինիստրացիան՝ իր տեղում և մենք բոլորս մեր աշխատանքները կատարենք: Հավատացեք, որ իշխանությունը, կառավարությունը կամ մյուս մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրներին լուծում տրվի: Բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է անում, բայց համոզված եղեք, որ այն պատասխանները, որոնք մենք պետք է տանք՝ հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված են լինելու և ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր առավելությունները, որոնք կայանում են նաև նրանում, որ «մենք մեր հասարակական, քաղաքական և առօրյա կյանքում մեր գործունեության մեջ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում»:
Օրակարգի հարցերի շարքում զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ներկայացրել է համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, համալսարանի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև համալսարանի 2023-2027թթ. զարգացման ռազմավարությունը։
Խորհուրդը որոշել է հավանության արժանացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատել նախահաշվի կատարման արդյունքները, հաստատել 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև՝ համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը: