«Լամբադա» կամուրջը կհիմնանորոգվի. համայնքային բյուջեից 137 մլն դրամ է հատկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի համայնքային բյուջեից 137 մլն դրամ հատկացվեց Ազատության պողոտա – Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմանը: Ծրագրում ընդգրկված էր «Լամբադա» կամրջի ստորգետնյա հատվածը:

«Ինչպես Երևանի մյուս ստորգետնյա անցումները, այս անցումը ևս ծառայում էր հիմնականում որպես սանհանգույց և ամբողջովին քայքայվել էր: Ջրահեռացման խնդիր ևս ունեինք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Հաշվի առնելով ծրագրի ծավալն ու խիտ երթևեկությունը՝ շինբարեկարգման աշխատանքները կազմակերպվեցին փուլ առ փուլ: Կամրջի վրա երթևեկությունը փակվում էր հատվածաբար, չորս տեղամասի բաժանված շինհրապարակում գործընթացն ընդգրկում էր մի շարք ուղղություններ:

«Առաջին փուլով վերանորոգվեց ստորգետնյա հետիոտնային անցումը՝ հիմնականում սալիկապատում էր, ջրահեռացում, լուսավորության կազմակերպում և սանհանգույցների կառուցում»,- նշում է Խորեն Գրիգորյանը:

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում համայնքը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ փոխվեց նաև երթևեկության կազմակերպումը: Հանգույցի ստորին հատվածում  կազմակերպված է շրջանաձև երթևեկություն:

«Վերանորոգմանը զուգահեռ փոխվեց երթևեկության կազմակերպումը: Մինչ այդ տրանսպորտային հոսքերի մեծ կուտակումներ կային Կոմիտասի պողոտայի կողմից: Եթե նախկինում տրանսպորտային միջոցը հանգույց մտնելու և ազատելու համար պարտավոր էր երկու տեղում զիջել այլ տրանսպորտային միջոցի, ապա այժմ դա անում է ընդամենը մեկ անգամ: Այսպիսով բավականին թեթևացավ հոսքը Կոմիտասի պողոտայի կողմից»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր
պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Կամուրջների սպասարկման ծրագրով որոշում է կայացվել ընթացիկ տարում  հիմնանորոգել նաև բուն «Լամբադա» կամուրջը: Ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ կամուրջը ոչ միայն նորոգման, այլև ամրացման կարիք ունի:

«Նախատեսում ենք կամրջի ամրացում, հեծանների նորոգում կամ փոխարինում: Հիմնականում ջրահեռացման համակարգը հիմնանորոգելու կարիք կա: Ասֆալտի շերտը հանելուց հետո վերանորոգվելու են հեծանները, հետո կսկսվի ասֆալտապատումը: Համակարգն ամբողջությամբ նորացվելու է, որովհետև եթե հիմնովին չնորոգենք, ապա ջրերի հոսքը շատ արագ մեր այս տարվա նորոգածը  նախկին վիճակի կբերի:

Փուլային գործ է սա: Նկատի ունենանք, որ չենք կարող այս հատվածի երթևեկությունն ամբողջությամբ փակել, որովհետև այս հատվածի երթևեկությանը չխաթարելու խնդիր էլ ունենք: Այս պահին արդեն նախագծման հայտ ենք տվել, որպեսզի կարողանանք ամբողջովին ավարտել Դավիթ Անհաղթ-Ազատության և Կոմիտասի պողոտաները կապող այդ հատվածի հիմնանորոգումը»,- ընդգծում է Խորեն Գրիգորյանը:

Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները կապող տրանսպորտային և հետիոտնային բազմահարկ այս համալիրը կառուցվել է 1980-ական թվականներին: Ուղեանցի ընդհանուր երկարությունը 181 մետր է։ Տարիների ընթացքում կամրջային ինքնատիպ կառուցվածքով այս հանգույցը ժողովուրդն անվանեց «Լամբադա»:




Լրահոս