Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:
Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: