ՄԻՊ-ը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել։
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ N տարածքային ստորաբաժանման կողմից տրված ծանուցագրի հիման վրա զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության: Տեղափոխվել է մարտական դիրքեր, այնուհետև կրկին վերադարձել զորամաս և այնտեղ մնացել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 19-ը:
Մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին նաև տեղեկացրել է, որ իրեն զորամասում չեն ընդգրկել զորամասի հաստիքացուցակում, այլ կցել են կամավորական միության: Բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին 2020 թվականի սեպտեմբերի 28-ին զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զինվորական ծառայության:
Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ որ քաղաքացին, զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելով ՀՀ զինված ուժեր, ձեռք է բերել ծառայած օրերի դիմաց դրամական ապահովություն ստանալու պահանջի իրավունք, ունեցել է բավականաչափ իրավական հիմքեր վստահելու իրեն զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելու վերաբերյալ ստացված ծանուցագրի իրավաչափ լինելուն, ուստի ունեցել է Եվրոպական կոնվենցիայի դրույթներով պաշտպանության ենթակա գույքային իրավունք, այն է՝ ծառայած օրերի դիմաց դրամական բավարարում ստանալու օրինական ակնկալիք:
Մինչև սույն խախտման որոշման կայացումը Պաշտպանի հաստատությունը ամիսներ շարունակ փորձել է ՀՀ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ աշխատանքային քննարկումների միջոցով հասնել իրավունքի վերականգնմանը, ինչը տեղի չի ունեցել:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից իրենց պարտականությունների շրջանակում զինծառայողին զորամասի հաստիքացուցակում չընդգրկելը չպետք է հանգեցնի նրա դրամական բավարարում ստանալու իրավունքի սահմանափակման:
Պաշտպանը գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարին է ուղարկել անձի իրավունքների խախտման վերաբերյալ սույն որոշումը և առաջարկել է Պաշտպանության նախարարությանը վճարել զորահավաքային զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված դրամական ապահովության վճարը, ինչպես նաև պատշաճ հսկողություն իրականացնել Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչվելուց հետո զորամասերում հաստիքացուցակները համալրելու գործընթացների նկատմամբ։