Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացրել, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել երկրի արտաքին գործերի նախարար Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra)՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի և դեղամիջոցների ստեղծված պակասի վերաբերյալ:
Ֆեդերացիան հրապարակել է նախարարին երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակների հղած հարցերը: Նրանք նախարարից, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք ծանո՞թ է տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից, կամ, օրինակ՝ նախարարը կիսո՞ւմ է Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:
Երկու կուսակցությունների արտաքին քաղաքական հարցերով խոսնակները ԱԳ նախարարից նաև հետաքրքրվել են, թե ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
Նրանք նաև հարցրել են՝ ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։
Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունի Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու, որ այն Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնի։
Ագնես Մյուլդերը և Դոն Սեդերը հետաքրքրվել են նաև, թե ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։
Հարցերից են նաև՝ ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը, որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայում գործողություններից սկսվելուց հետո։
Նրանք նաև հետաքրքրվել են, թե նախարարը կիսո՞ւմ է արդյոք իրենց այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար, եթե այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել, արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:
Նշվում է, որ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ։