ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Հայրապետյանը, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով տրամադրել է Երեւանի քաղաքապետարանին:

 

Միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Ռ.Հ.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, դրդել է Երեւանի քաղաքապետարանի՝ գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռեւս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձեւական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց՝ Երեւանի քաղաքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ հողամասերը: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աճառյան փողոցին հարող տարածքում ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց հիմնադրելու նպատակով Միությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ընդհանուր 14,0 հա հողատարածք: Ռ.Հ.-ն, օժտված լինելով Միության շահերը ներկայացնելու, պայմանագրեր կնքելու եւ լիազորագրեր տալու իրավասություններով, սեփականության իրավունքով Միությանը պատկանող՝ Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընդհանուր 14 հա հողակտորից 0.3026 հա եւ 2.39295 հա (ընդհանուր՝ 26.955,5 քմ) հողակտորները իր սեփականությունը դարձնելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին եւ Միության անունից կամովին հրաժարվել է նշված հողակտորներից իբր շինարարական աշխատանքների իրականացումը ոչ նպատակահարմար համարելու պատճառաբանությամբ։ Երեւանի քաղաքապետի որոշումով՝ 26.955,5 քմ մակերեսով հողակտորը ճանաչվել է Երեւան համայնքի սեփականություն եւ բաժանվել է 8985,35-ական քմ չափերով երեք հավասար մասերի, որոնց, որպես առանձին գույքային միավորների, համապատասխանաբար տրամադրվել են հասցեներ (Աճառյան 35/84, 35/85 եւ 35/86): Այնուհետեւ Ռ.Հ.-ն, շարունակելով հանցավոր մտադրությունը, դրդել է Երեւանի քաղաքապետարանի՝ գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռեւս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով հրապարակային ձեւական աճուրդների միջոցով օտարել Աճառյան փողոցի 35/84, 35/85 եւ 35/86 հողամասերը իր հետ փոխկապակցված անձանց՝ Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին եւ Ա.Գ.-ին: Արդյունքում 2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով 454 մլն 820 հազար դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան 35/84, 35/85 եւ 35/86 հողամասերը ընդամենը 169 մլն 820 հազար 910 դրամով օտարվել են Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված վերոնշյալ անձանց՝ Երեւանի քաղաքապետարանին պատճառելով 284 մլն 999 հազար 90 դրամի վնաս: Այնուհետեւ Ռ.Հ.-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու եւ իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով ձեւական պայմանագրեր կնքելու եւ օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով օրինականացրել է Աճառյան 35/84, 35/85 եւ 35/86 հասցեներում գտնվող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 գույքերը՝ նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի եւ Ա.Գ.-ի հետ: 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով վերոնշյալ հողամասերն օտարվել են աճուրդներում հաղթող ճանաչված Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին եւ Ա.Գ.-ին: Դրանից 2 ամիս անց՝ 2015 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով 35/85 եւ 35/86 հասցեների հողակտորները Ա.Գ.-ի եւ Ս.Ս.-ի կողմից օտարվել են թիվ 35/84 հողակտորը ձեռք բերած անձին՝ Ա.Ս.-ին, որից հետո Երեւանի քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 26-ի թիվ 880-Ա որոշումով Աճառյան փողոցի 35/84, 35/85 եւ 35/86 հասցեներում գտնվող ընդհանուր 26.955,5 քմ մակերեսով հողամասին կրկին տրվել է մեկ՝ Աճառյան փողոց 35/84 հասցեն: Այնուհետեւ Ա.Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Ռ.Հ.-ի որդուն՝ Ռ.Հ.-ին, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։ Բացի այդ, Ա.Ս.-ն հողատարածքից 3.000-ական քմ մակերեսներով 2 եւ 14.000 քմ մակերեսներով հողատարածքները համապատասխանաբար 2015 թվականի մայիսի 20-ի, նույն թվականի հունիսի 11-ի եւ 2016 թվականի հուլիսի 8-ի նվիրատվության պայմանագրերով օտարել է ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին եւ Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից դեկտեմբերի 14-ին որոշում է կայացվել Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

 

 

 

 

 

 

ՉԿԱ Ո՛Չ ԿԱՍԿԱԾՅԱԼ, Ո՛Չ ՄԵՂԱԴՐՅԱԼ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 45 օր անց այդպես էլ գործը չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։

 

Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծեծի ենթակելու միջադեպի գործով իրավապահներն անձանց են տարել հարցաքննությունների, սակայն որեւէ արդյունք դեռ չկա, եւ 45 օր անց անգամ կասկածյալ չկա:

Այս իրավիճակից հետո ոստիկանությունում սկսել են քննարկել նաեւ այն վարկածը, թե հենց Էդգար Ղազարյանը կարող էր ծրագրած լիներ իրեն ծեծի ենթարկելու գործը: Իհարկե, սա նաեւ առկա անգործությունը քողարկելու պատրվակ է, քանի որ իշխանական գործչին ծեծի ենթարկելու դեպքում այն կբացահայտվեր ժամերի ընթացքում:

Եվ այսպես, քրեական վարույթի մասին զրուցել ենք Էդգար Ղազարյանի հետ՝ պարզաբանելու մանրամասները:

Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ 15 միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին, եւ 15 դիմումն էլ  մերժվել են: Ավելին՝ դիմել է ՀՀ ոստիկանապետին, որպեսզի իրեն ատրճանակ տան՝ իր իսկ անվտանգությունից ելնելով, սակայն այս դեպքում եւս մերժվել է: Ըստ նրա՝ այս իշխանությունների օրոք այս դեպքը չի բացահայտվի, եւ, նրա կարծիքով, եթե այս իշխանությունները չլինեն, այս եւ այլ դեպքերը կբացահայտվեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ

Armlur.am-ին հայտնի դարձավ որ Անուշավան Գյուլզադյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 2 ստորաբաժանումում որպես պահեստազորային, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022թ. հունիսի 23-ի թիվ 941-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելուց։ Դրա վերաբերյալ ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 2 տարածքային ստորաբաժանումում 2022թ. հուլիսի 4-ին կատարել է ծանուցագիր ստանալուց եւ վարժական հավաքներին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ գրառում՝ այդպիսով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները խախտելով, այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում խուսափել է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը անցկացվող վարժական հավաքներից:

 

ՄԱՀԱՑԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկություններով՝  Էջմիածնում 66-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել: Ըստ բնակիչների՝ նա բնակվում էր կնոջ եւ 2 որդիների հետ, եւ կատարվածը շոկային է ընտանիքի համար: Վերջիններս չգիտեն որեւէ պատճառ, ինչի հետեւանքով նա կարող էր գնալ այդ քայլին: Նշենք, որ ընտանիքի անդամները տղամարդուն գտել էին տանը կից ավտոտնակում, որտեղ նա կախված է եղել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի եւ գազամատակարարման արգելափակման հետեւանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։

Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի եւ բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաեւ բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետեւանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։ ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը պատշաճ կերպով հաղթահարելու համար։

 




Լրահոս