2021թ. հունվարին գործադիրը հավանություն տվեց դատական ոլորտին վերաբերող մի շարք օրենքների փոփոխությունների, որոնցով նախատեսվում էր կալանքներ, խուզարկություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննություն մասնագիտացված դատավորների միջոցով։
Բացի դա, ըստ հեղինակների՝ կար եւս մեկ խնդիր. դատավորների հերթապահության պատճառով շատ դեպքերում կանխատեսելի է դառնում կալանքի միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման համար։ Սա Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միտքն էր, որով նա կառավարում էր հատկապես քաղաքական գործերով ստացվող վճիռները:
Եվ, ահա, Վերաքննիչ քրեական դատարանը ուներ «կալանք տվող կոնկրետ դատավորներ»:
Վեց դատավորներից 3-ը նշանակվել էին իրավաբան-գիտնականների քվոտայով: Ընդ որում՝ ի սկզբանե հայտարարվել էր մրցույթ, եւ 3 տեղի համար ընտրվել էր 2 դատավոր՝ Տիգրան Սիմոնյանն ու Լուսինե Հովհաննիսյանը: Հաջորդիվ 3-րդ հաստիքը համալրելու համար եւս մեկ մրցույթ էր հայտարարվել, եւ հաղթել էր նախկին դատախազ Կարեն Բիշարյանը:
Մյուս 3 դատավորները Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների գործող կազմից էին ընտրվել առաջխաղացման ցուցակներով: Նրանք էին Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մնացական Հարությունյանը:
Շաբաթը, սակայն, ուրբաթից շուտ եկավ: Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանում սկսվեց հեղափոխություն. Մխիթար Պապոյանը կարողացել է հասնել նրան, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսուհետ կալանքի գործեր քննեն ոչ թե վերոնշյալ 6 դատավորները, այլ բոլորը, բացառությամբ Մհեր Արղամանյանի եւ Սեւակ Համբարձումյանի:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը ԲԴԽ-ում կարողացել է օրենսդրական հիմնավորումներ ու փաստարկներ ներկայացնել առ այն, որ Վերաքննիչում կալանքի գործեր քննեն ոչ թե 6, այլ 18 դատավորներ:
Մհեր Արղամանյանը չի կարող կալանքի գործեր քննել, որովհետեւ վերջինիս որդին՝ Դավիթ Արղամանյանը, ստորադաս ատյանում է աշխատում որպես «կալանք տվող» դատավոր, իսկ Սեւակ Համբարձումյանի արգելքի պարագան այլ է:
Փաստ է մեկ բան. մինչ դատական համակարգում փորձում են կալանք տվող դատարանը փակել, Վերաքննիչ քրեական դատարանում արդեն իսկ սկսել են բեկանվել առաջին ատյանի «կալանք տվող» դատավորների ակտերը, ասել է թե՝ քաղաքական իշխանությունները հիմա կրկին գլխացավանք կունենան՝ հատկապես քաղաքական գործերով ցանկալի վճիռներ ստանալու հարցում: Ի՞նչ է սպասվում Մխիթար Պապոյանին, եւ արդյոք այս քայլից հետո նրա նկատմամբ արշավ չի սկսվի քաղաքական իշխանությունների կողմից: Մեզ հետ զրույցում Մխիթար Պապոյանն ասաց, որ դա հեղափոխություն չէր, պարզապես իրենց ձայնը լսելի դարձավ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ» ԿԵՍԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԱԾ-ԻՑ
Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ. այս մասին հայտարարություն է տարածել Արցախի դատախազությունը:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդկերպ դադարեցնելով երթեւեկությունը եւ խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաեւ ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:
Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝
l Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը զավթած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը եւ ղեկավարող կազմը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են,
l բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու եւ դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց,
l Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ,
l Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին,
l Արցախի Հանրապետության քաղաքացիները՝ որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ եւ իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության եւ ընդերքի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»:
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երեւան Լաչինի ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակ պահելու պատճառով. այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Արցախի բժշկական կենտրոնից:
«Երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք վիճակը կայունացնելու համար, կապի մեջ ենք Երեւանի մեր բժիշկների հետ, որը շատ մեծ օգնություն է, բայց սովորաբար նման դեպքերում մենք ուղարկում ենք Երեւան, ինչը հիմա հնարավոր չէ: Երեխայի մոտ ախտորոշվել է բարդ տեսակի ինֆեկցիոն հիվանդություն»,- ասացին հիվանդանոցից:
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Մխչյան գյուղում դանակահարություն էր եղել: Նույն օրը հաղորդում է ստացվել Արտաշատ բժշկական կենտրոնից. կրծքավանդակի ծակած-թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության էր ընդունվել Ոստան գյուղի բնակիչ 47-ամյա մի տղամարդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մխչյան գյուղի Արտաշիսյան փողոցի կանգառում Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը ձեռքերով խփել էր նախկին կնոջը եւ գրպանից հանելով դանակը՝ սպառնացել սպանել նրան, այնուհետեւ դանակահարել էր վեճին միջամտած նախկին կնոջ եղբորը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին Արտաշատ քաղաքի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտ 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տարվել է Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել է հանցարարքը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն եւ տվել խոստովանական ցուցմունք: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: