Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն էլ հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապահահատվածից, ինչի հետեւանքով ճանապարհի այդ հատվածի հսկողությունն անցել էր Ադրբեջանին։ Փաստաթղթի բովանդակությունը, ըստ պատգամավորների, գաղտնի է պահվում, եւ նույնիսկ իրենց չի հաջողվել ծանոթանալ դրան։
Այն, ինչի մասին խոսվում էր, ըստ էության, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ 2020 թվականի դեկտեմբերին կնքված փաստաթուղթն էր, որի գոյության մասին հայտնի է դարձել միայն 2021թ.-ի աշնանը, թեեւ իշխանություններ պնդում են, թե հանրությունը տեղեկացված է եղել։ Փաստորեն, ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե 2020թ.-ի դեկտեմբերին ստորագրված փաստաթուղթը ոչ թե զորքերի հետքաշման մասին էր, այլ ճանապարհի օգտագործման, որը տեւելու էր այնքան, մինչեւ Հայաստանը կառուցեր շրջանցող մեկ այլ ճանապարհ (այս դեպքում՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհը)։ Եթե Հայաստանի իշխանությունները դրա կառուցումը սկսեին հենց 2020թ.-ի դեկտեմբերից, ապա իրենց տրամադրության տակ ի սկզբանե կունենային 11 ամիս եւ ոչ թե 5։
«Փաստերի ստուգման հարթակ»-ը նկատում է՝ կառավարությունը դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին, ստորագրելով փաստաթուղթ, համաձայնել է շրջանցիկ ճանապարհը կառուցելուն պես հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այլընտրանքային ճանապարհի կառուցումը սկսել է ստորագրումից ավելի քան կես տարի անց՝ արդյունքում ժամանակի սղություն ունենալով ճանապարհի պատշաճ կառուցման համար։ Ընդամենը 5 ամսում իշխանությունները վերանորոգեցին շրջանցող ճանապարհը, եւ հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ իսկապես ֆորսմաժորային իրավիճակում ճանապարհը հանձնվեց շահագործման։ Վարչապետ Փաշինյանի ձեւակերպած «ֆորս մաժորը», սակայն, ոչ թե անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ստեղծված իրավիճակ էր, այլ ավելի քան կես տարի այդ ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու հետեւանք. աշխատանքները պատշաճ եւ ժամանակին չեն կատարվել:
Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգեւավճարը շնորհել յուրայիններին: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են հայտնում՝ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգեւավճարներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականներն ու թե՛ փորձագետները հերթական անգամ պարգեւավճար չեն ստանա: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունն ԱԺ լրատվական վարչությունը մեկնաբանեց՝ այդպես էլ չհերքելով, որ նման մտադրություններ ԱԺ ղեկավարությունը չունի: «Պարգեւատրելու մասին կարգադրությունը սովորաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ու մինչեւ այժմ Աժ նախագահի կողմից ստորագրված նման կարգադրություն չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց խորհրդարանի լրատվական վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանը: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ որոշում կա պարգեւավճարներ տալու միայն քպ-ական պատգամավորներին ու նրանց օգնական-գործավարներին:
Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին: Աղաջանյանը թիմակիցներին փոխանցել է, որ, իր փոխարեն, հանձնաժողովի ավելի լավ նախագահ կարող են գտնել: Թերեւս չի սխալվում Աղաջանյանը, քանի որ նախկին դիջեյը չէր կարող խորհրդարանի կարեւորագույն հանձնաժողովը ղեկավարել: Իհարկե, փորձեցինք նաեւ Աղաջանյանի տեսակետը լսել: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից մեզ ասացին, որ մեր՝ նաեւ Աղաջանյանի տեսակետը լսելու խնդրանքը կփոխանցեն վերջինիս, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում, մեզ հետ կապ չհաստատեց:
2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների հետ կապված քրեական վարույթներով Հակակոռուպցիոն կոմիտեն գնում է կարճման որոշումների: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նույն կերպ կարճվեցին ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Քրեական վարույթով անցնող մեղադրյալները, հայտնվելով բարդ իրավիճակում, չեն կարողացել դուրս գալ երկրից ու ստիպված համաձայնել են՝ վաղեմության հիմքով գործը կարճվի: Այսպես, «Մարտի 1»-ի գործով վարույթները հերթով տապալվում են, եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստումը չկատարեց: