ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ՝ վաղ առավոտից, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երեւանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել էին մոտ 40 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Դավիթաշենի կամուրջը երկկողմանի փակվել էր: Այս իրավիճակը  ստեղծվել էր այն պատճառով, որ պատկան մարմինները չեն բարեհաճել կամուրջը մշակել, աղ ու ավազ լցնել եւ որոշել են դա անել միայն ժամը 08։50-ին: Դրանից հետո էլ երկար ժամանակ պահանջվեց կամուրջը բացելու եւ երթեւեկությունը վեականգնելու համար: Այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս պատկան մարմինների, մասնավորապես՝ քաղաքապետարանի անգործությունը, երբ իրենց անմիջական պարտավորությունը չանելու հետեւանքով վաղ առավոտից ծայրահեղ իրավիճակ էր ստեղծվել կամրջին:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞րն է Մաքսային միության ապրանքը:

Լեռնիկ Գրիգորյան (49 տարեկան)  

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն` Մաքսային միության ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներն են, որոնք ամբողջությամբ արտադրվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում, ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք եւ ստացել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ՝ նշված օրենսգրքին եւ (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, պատրաստվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում նշված ենթակետի երկրորդ եւ երրորդ պարբերություններում նշված ապրանքներից եւ (կամ) օտարերկրյա ապրանքներից եւ, նշված օրենսգրքին եւ (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, ձեռք են բերել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաքսային միության մաքսային օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի դեպքում Մաքսային միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված ապրանքները կամ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները, որոնք ձեւակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, այդ տարածքից արտահանվում են առանց ներմուծման մաքսատուրքերի գումարների վճարման եւ (կամ) ներմուծման մաքսատուրքերի վճարված գումարների վերադարձման (հաշվանցման) եւ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:

Մոնիկա Ղումաշյան (19 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

 

 

 

 




Լրահոս