2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում: Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որեւէ փաստաթղթում չի նշվել,սակայն, ինչպես շատ է լինում, այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ոչ միայն Մադրիդյան, այլեւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Մինչեւ հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։ ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ եւ 37 264 ադրբեջանցի։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաեւ Լաչինի միջանցքի լայնության մասին։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ այս տարվա նոյեմբերի 25-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այդ օրը մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին: Ըստ այդ նույն լուրերի՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով: Մեքենայի վարորդն էլ, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդը մահացել է: Տխուր պատմությունն այսքանով չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահանջել մեքենան հետապնդած մարզպետից եւ անտառտնտեսության տնօրենից: Արդյունքում սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանին եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանին քաղաքացիները բռնության են ենթարկել: Կողմերն ու իրավապահ համակարգը փորձում են թաքցնել պատմության այն դրվագը, որ այս ամենին մասնակից է եղել մարզպետը: Միայն հաստատում են վթարի եւ դրա հետեւանքով արձնագրված վարորդի մահվան հանգամանքը: Գրեթե ողջ մարզը գիտի այս դժբախտ պատմության մասին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չկա հարուցված քրգործ կամ ներկայացված հաղորդում այս մասին: Իհարկե, չենք կարող պնդել, թե ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանցագործություն է թաքցնում, սակայն դեպքի մասին բարձրաձայնել է պետք՝ հնարավոր հանցագործության կոծկումը բացառելու համար:
ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում: Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ավտոմեքենա է մատակարարել ոստիկանությանը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 785 մլն դրամ: Ուշագրավ է, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն 1 մլն դրամի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել Կադաստրի կոմիտեին: 2017 եւ 2016 թվականներին տարբեր պայմանագրերով ծառայություններ է մատուցել ընկերության ներկայիս սեփականատիրոջ ամուսնու՝ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած կառույցին՝ Քաղավիացայի կոմիտեին: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր իր կարգավիճակում դաժան քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները:
Կառավարությունը 2023-ի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված՝ զրկվել էին ամսական նպաստից: «Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ից այս մասով լուրջ ճնշումներ են գործադրվել գործադրի վրա՝ պահանջելով վերանայել նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները: Թեեւ կառավարությունն այս որոշման մասին դեռեւս չի բարձրաձայնում (դա գուցե որպես Ամանորի նվեր են ուզում մատուցել՝ փիարի շրջանակներում), բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվարից սկսած՝ կվերականգնվի մոտ 3800 կենսաթոշակառուների նպաստը: Ավելին՝ կենսաթոշակառուները նաեւ 2022-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար չվճարված նպաստները կստանան. կուլիսներում խոսվում է այդ մասին: Քայլն, իհարկե, դրական է, սակայն չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներն այսկերպ փորձեն սիրաշահել թոշակառուներին ու, Փաշինյանի ասած, վերջիններիս համոզեն, թե ինչքան շատ են իրենք «սիրում բոլորին, հպարտանում բոլորով»: Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խլել է թոշակառուների գումարը եւ հիմա փորձում է վերադարձը որպես մեծ ձեռքբերում մատուցել: