ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկուկես ժամ տեւած քննարկման ընթացքում դեկտեմների 20-ին Լաչինի միջանցքում ստեղծված կացությանն անդրադարձան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ տասնյակից ավելի պետությունների դիվանագետները, այդ թվում՝ բոլոր մշտական անդամները։ Ֆրանսիայի ներկայացուցիչը պահանջում էր անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան։ Միացյալ Նահանգների ներկայացուցչի ելույթը նվիրված էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի փակման թե՛ մարդասիրական եւ թե՛ քաղաքական հետեւանքներին։

 

Իսկ Հայաստանն էլ կոչ է անում ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Անցած գիշեր Նյու Յորքում պաշտոնական Երեւանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում այդ մասին հայտարարեց կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է, որ ՄԱԿ-ը բարդ կառույց է, ու անվտանգության խորհրդի նիստի հայտարարությունները միանշանակ մեկնաբանել չի կարելի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած հայտարարությունները կարեւոր, բայց ոչ 100 տոկոս արդյունք երաշավորող փաստեր կամ երեւույթներ են:

-Պարո՛ն Մամիջանյան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցն էր քննարկում, գնահատականները տարբեր են, հիմնականում իրավիճակին ճիշտ գնահատական տրվեց, կարծես թե: Այս մասով Ձեր գնահատականը կներկայացնե՞ք:

-Տեսե՛ք, ես կկրկնվեմ եւ կասեմ այն նախադասությունը, որ սովորաբար այսպիսի դեպքերում ասում եմ նաեւ միջազգային գործընկերներին. հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում շատ հեշտ է Հայաստանի կողմը բռնելը, որովհետեւ Հայաստանի կամ Ղարաբաղի կողմը բռնելն արդարության մասին է խոսում: Այն, ինչի մասին խոսել է Արարատ Միրզոյանը, խոսելով կոնսեսուսի մասին, կարելի է վերաձեւակերպել, որ առկա է միջազգային կոնսենսուս արդարության վերաբերյալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ՄԱԿ-ը բավականին բարդ եւ բազմաշերտ կառույց է՝ բազմաթիվ հատվող եւ հակընդդեմ շահերով եւ հետաքրքրություններով, ուստի ՄԱԿ-ի եւ մի շարք այլ մարմինների պարագայում հայտարարությունից գործողություն անցումը  կամ քայլը կարող է երկար լինել: Դա կապված է թե՛ բարդությունից, թե՛ ժամանակից: Բնականաբար, համարում եմ, որ անհրաժեշտ է բարձր պահել Արցախի բլոկադայի հետ կապված Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը եւ տեսնել, թե վերջին փուլում որ գործիքը կաշխատի, իսկ աշխատեցնել պետք է բոլոր գործիքները:

-Հուսա՞լ, որ այս նիստից հետո ինչ-որ բան կփոխվի:

-Ես Ձեզ արդեն ասացի, որ ՄԱԿ-ը բավականին բարդ կառույց է, եւ շատ բարդ է կանխատեսել, թե այս ամենի արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ: Եվ բացարձակ միանշանակ չէ, որ այդ հայտարարությունը կամ դրա բացակայությունը կարող են արդյունքներ տալ: Իհարկե, դրանք կարեւոր երեւույթներ են, բայց ոչ հարյուր տոկոս երաշխավորող են: Ինձ համար ամենակարեւոր կետն այս ամբողջ ողբերգության եւ պատմության մեջ հետեւյալն է. արցախցիներն արդեն ցույց են տվել, որ թույլ չեն տա իրենց կենսական շահերի շուրջ բանակցություններ կամ առուծախ, առեւտուր: Կարծում եմ՝ հերթը Հայաստանինն է եւ պաշտոնական Երեւանինը՝ ցույց տալու, որ Հայաստանն ու Երեւանը ունեն կարմիր գծեր. դա այն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն Հայաստանն ամեն կերպ փորձում է խուսափել եւ չասել այդ նախադասությունը: Այս ամենը բխում է մեր հռչակագրից, եւ այդ մոտեցումն անընկալելի է: Ես ասում եմ, որ բանակցություններ կան, սակայն չկան բանակցություններ, որտեղ Հայաստանը գնում է՝ այդ կարմիր գիծը որպես ելք ունենալով: Ադրբեջանը կարող է կրկին փորձել ստանալ ավելին Հայաստանից եւ Արցախից:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ԿՀՍԿԵՆ

Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը պետք է համակարգի մարզպետների գործունեությունը: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում: Հիմնավորման մեջ նշվում է, թե նախագծերի ընդունման նպատակն է բարձրացնել մարզպետների եւ մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականության ավելի ճկուն եւ օպերատիվ մեխանիզմ։

 

Մասնավորապես, «Տարածքային կառավարման մասին» օրենքում նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն՝ Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը՝

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները,

2) քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը,

3) իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին,

4) իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը,

5) լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները:

Այսպիսով, մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաեւ անմիջապես Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՄԱՆ ՄԱՆԴԱՏ ՉՈՒՆԻ

Դեկտեմբերի 12-ից առ այս պահը մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական ակցիայի անվան տակ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես՝ հացի եւ ալյուրի, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Ճանապարհը փակ է նաեւ շտապօգնության մեքենաների համար։ Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է նաեւ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Նա անդրադարձավ այն քննադատություններին, որ առկա են ռուս խաղաղապահների առնչությամբ: «Ռուս խաղաղապահների կարգավիճակը հստակեցված չէ, եւ այդ պատճառով առաջանում են մի շարք խնդիրներ։ Սակայն ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ոչ թե շանտաժի ու ճնշման միջոցով»,-նկատեց նա։ Ըստ Տարասովի՝ կողմերից մեկը ակնհայտորեն գնում է սրացման, եւ հիմա, ըստ նրա, պետք է հասկանալ, ով է դրանով ավելի հետաքրքրված, ով է ուզում Հարավային Կովկասում լարվածության հերթական օջախ ստեղծել։ Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ բանակցեին առանց միջնորդների ու կարողանային համաձայնության գալ, սակայն նման հնարավորություն այս պահին չի տեսնում:

 

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ

Դեկտեմբերի 23-ին եւ 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստեր կլինեն: Բանն այն է, որ կան դեռ հարցեր, որոնք պատգամավորները չեն հասցրել քննարկել եւ քվեարկել, եւ դրանք հաջորդ տարվան թողնելը նպատակահարմար չի համարվում: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջաններ գումարելու առաջարկությամբ հանդես է եկել կառավարությունը: Մենք տեղեկացանք նաեւ, թե ինչ հարցեր են քննարկվելու դեկտեմբերի 23-ին՝ ուրբաթ օրը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Հրատապ է համարվել ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծերի փաթեթը խորհրդարանում անցնելու է միանգամից առաջին եւ երկրորդ ընթերցումներ, իսկ հիմնական զեկուցողն էլ լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Օրակարգում այլ նախագծեր եւս կան, որոնք անցնելու են միայն երկրորդ ընթերցում: Նկատենք՝ յուրաքանչյուր տարի լինում են դեպքեր, երբ հիմնական նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանականները չեն կարողանում միանգամից հանգստի գնալ, եւ ԱԺ ղեկավարությունը ՔՊ-ականներին զգուշացնում է՝ հեռու չգնալ, դեռ քվեարկություններ կան:

 

 

 




Լրահոս