ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԱՆՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետեւ ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է տնտեսվարող ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքներ ՀՀ ներկրման տեւականորեն կիրառված հանցավոր մեխանիզմ։

 

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ, եղբայրներ Ռ. Կ.-ն, Կ.Կ.-ն եւ Հ. Կ.-ն, փաստացի ղեկավարելով այլ անձի անվամբ հիմնադրված եւ տնօրինած ՍՊ ընկերության գործունեությունը, տարբեր անձանց պատվերով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստանի եւ Հայաստանի պետական սահմանով 2022թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ՀՀ են ներկրել առնվազն մի քանի տասնյակ տոննա հագուստ։ Սակայն նախնական համաձայնությամբ եւ միասնական դիտավորությամբ, մաքսային վճարները առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով ապրանքների մաքսային հայտարարագրերի մեջ պատասխանատու անձի միջոցով ապրանքների տեսակների մասին մտցրել են խեղաթյուրված տվյալներ եւ խաբեության այլ դրսեւորմամբ ներկրված հագուստը մաքսազերծել են միրգ-բանջարեղենի անվան տակ: Արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի եւ տուրքերի վճարումից։

Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են։

Ձեռք բերված տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 4 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը 2022թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից նշված անձանց ներկայացվել են մեղադրանքներ, եւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դատարանի՝ դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ միջնորդությունները բավարարվել են, նշված անձինք կալանավորվել են։

Քրեական վարույթով շարունակվող նախաքննությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, նշված հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց, այդ թվում նաեւ պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

 

 

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արեւիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն եւ նորածնային բաժանմունքներում:

Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը (ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ») շարունակում է մնալ ծանր, եւ նա ստանում է համապատասխան բուժում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են. բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։ Արցախից Երեւան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:

 

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23.50-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կարմիրգյուղ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել էր դեկտեմբերի 19-ի ժամը 20.00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի եւ Գանձակ բնակավայրի միջնամասում գավառցի մի խումբ երիտասարդների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ժամը 03.30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանություն երկրորդ հաղորդումն է ստացվել. ազդրի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կարմիրգյուղի 40-ամյա մի բնակիչ: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել էր նույն վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 20-ին Գավառի բաժին է ներկայացել գավառցի 23-ամյա մի երիտասարդ եւ խոստովանել է, որ հիվանդանոց տեղափոխվածներին ինքն է դանակահարել: Նա նաեւ ներկայացրել է հանցագործության գործիք ծալովի դանակը:

23-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

 

 

 

 

ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz CLS (վարորդ` Գ. Ա.) եւ Mercedes-Benz C (վարորդ` Ռ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել Mercedes-Benz C մակնիշի ավտոմեքենան։

 

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում համացանցով խաբեության մասին տեղեկություն էր ստացվել: Էլեկտրոնային կայքերից մեկի միջոցով անհայտ անձը ավտոմեքենաների պահեստամասեր ներկրելու պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ գումար էր վերցրել:

Իրացնելով տեղեկությունները՝ ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դեկտեմբերի 17-ին նրանք հայտնաբերեցին, հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին ու Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին ներկայացրին Նոր Նորքի 8-րդ զանգվածի 26-ամյա մի բնակչի:

Ոստիկանները կասկածներ ունեն, որ Carshop.am կայքի միջոցով պահեստամասեր պատվիրած եւ 26-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժած այլ անձինք եւս հնարավոր է լինեն, որոնք կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ՀՐԴԵՀ՝ ՏԱՆԻՔՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։40-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլնոր» գործարանի տանիքում (մոտ 200 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

 




Լրահոս