ԿՅԱՆՔ ԿՏԱՆ ԱՆՄՇԱԿ ՀՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Հյուրընկալ դպրոցը զբաղեցրել է 1-ին հաղթող տեղը:

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) եւ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր դպրոցներ։

Մրցույթը, որը «Դպրոցական սնունդ» ծրագրի մի մասն է, խթանում է դպրոցական այգիների ստեղծումը եւ երեխաների մեջ վաղ տարիքից սերմանում հետաքրքրություն օրգանական գյուղատնտեսության նկատմամբ։ «Դպրոցական սնունդ եւ բարեկեցություն» հիմնարկի պաշտոնակատար Անի Թորոսյանի խոսքով՝ մրցույթը նպատակ ունի բազմազանեցնել դպրոցական ճաշացանկը, կյանք տալ դպրոցի անմշակ հողին, երեխաներին ծանոթացնել գյուղատնտեսական աշխատանքների հետ, ինչպես նաեւ ջանք թափել, տեսնել իրենց աշխատանքի արդյունքը եւ գնահատվել դրա համար։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանն իր հերթին շեշտել է, որ ծրագիրը դարձել է կրթական լայն հարթակ, որն առողջ սննդի գաղափարախոսության շուրջ միավորում է դպրոցներին, համայքներին ու ծնողներին, ինչպես նաեւ նպաստում է դպրոցների եւ համայնքների զարգացմանը: Նրա խոսքով՝ մրցույթի մրցանակները պետք է ուղղվեն տվյալ այգու կամ «Դպրոցական սնունդ» ծրագրի բարելավմանը։ Օրինակ՝ հաղթող դպրոցը որոշել է՝ կաթիլային ոռոգման համակարգ է անցկացնելու այգում եւ ավարտելու է ջերմոցի կառուցման աշխատանքները։

Միջոցառման ընթացքում հաղթողներին հանձնվել են հավաստագրեր, որից հետո դպրոցները կիսվել են օրգանական այգի մշակելու իրենց հաջողության պատմությամբ եւ աշխատանքային հետաքրքիր փորձառությամբ: Հաղթող դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ այգին բարեկարգելու եւ դպրոցական սնունդը բարելավելու համար: Ստեփանավանի թիվ 2 (Լոռու մարզ) դպրոցը, զբաղեցնելով երկրորդ տեղը, կստանա չորանոց՝ իր բերքից չրեր արտադրելու համար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Նոր Գեղիի (Կոտայքի մարզ) դպրոցը՝ սառցարան՝ այգում աճեցված արտադրանքը սառեցնելու եւ պահելու համար։

Գեղեցիկ ու գրագետ կազմակերպված այգիների ցանկը, սակայն, չի սահմանափակվել հաղթող եռյակով. կազմակերպիչներն ավելացրել են եւս երկու անվանակարգ։ «Լավագույն էկոլոգիական նախագիծ» անվանակարգում հաղթանակի դափնիները բաժին են հասել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին (Լոռու մարզ), իսկ «Լավագույն գիտական մոտեցում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նորաշենի Ռ.Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը (Արագածոտնի մարզ): Այս դպրոցներն արժանացել են խրախուսական մրցանակների։

Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջինում դպրոցները ներկայացրել են մրցույթի մասնակցության հայտեր (55 դպրոց), երկրորդ փուլին, որի հիմնական պահանջն էր ուղարկել ամբողջական փաթեթներ՝ պահպանելով մրցույթի կանոնները, 24 դպրոց է մասնակցել, որոնց միջեւ կատարվել է հաղթողների ընտրությունը:

Ընտրող հանձնաժողովը ձեւավորվել է տեղական եւ միջազգային վեց կազմակերպությունից՝ ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Դպրոցները գնահատելիս մեծապես կարեւորվել է այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու եւ երեխաներին այգու պլանավորման, պահպանման եւ խնամքի աշխատանքների մեջ ներգրավելու կարողությունը:

Մրցույթին մասնակցած բոլոր 24 դպրոցներն արժանացել են մասնակցության շնորհակալագրերի՝ դպրոցական անձնակազմի եւ սովորողների նվիրվածության, բացառիկ ջանքերի եւ նորարար մոտեցումների համար։

Միջոցառման ընթացքում նաեւ տեղի է ունեցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի եւ «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկի աշխատանքները ներկայացնող նորաստեղծ պաշտոնական կայքի շնորհանդեսը։

 

 

 

 

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության դատախազությունը նախաձեռնել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխումների աշխատանքներ՝ ուղղված տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջների եւ պարբերականի քաղաքականության փոփոխմանը, ինչպես նաեւ պարբերականը միջազգային հայտնի շտեմարանների չափանիշներին համապատասխանեցնելուն:

 

Դատախազությունից հայտնում են, որ, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի համակարգմամբ, բարեփոխումներն ընթանում են մի քանի ուղղություններով՝ կանոնադրություն, խմբագրական խորհրդի կազմ, հոդվածներին ներկայացվող չափանիշներ, տպագրման թույլատրվող հոդվածների գիտականություն, տպագրման ժամանակացույց եւ պարբերականություն, պարտադիր եւ գաղտնի գրախոսության ինստիտուտ եւ այլն:

Այսուհետ «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ կարող են դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող շտեմարաններում տպագրված հոդվածներ եւ առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող մասնագետները:

Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը՝ քայլեր են ձեռնարկվում ընդլայնելու խմբագրական խորհրդի անդամների աշխարհագրությունը՝ կազմում ներառելով օտարերկրացի իրավաբան-գիտնականների:

Խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվելու համար արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել միջազգային հեղինակություն ունեցող մի շարք իրավաբաններ:

Դատախազությունն առաջիկայում կհրապարակի խմբագրական խորհրդի կազմը:

Հաշվի առնելով հոդվածներին ներկայացվող չափանիշների փոփոխությունը, ինչպես նաեւ պարտադիր գրախոսման ինստիտուտի ներդնումը՝ «Օրինականություն» գիտագործնական պարբերականն այսուհետ կհրապարակվի տարին երկու անգամ:

 

 

 

ՌՈՒՍՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Ամանորին արտերկիր մեկնող ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից են Հայաստանը, Թուրքիան եւ Ղազախստանը։ Այս մասին հաղորդում է ՁԸհհ գործակալությունը, որի տրամադրության տակ են հայտնվել շվՊպՍր կցՑպՔպրՑՉՌÿ  ծառայության ուսումնասիրության տվյալները։ «Անցյալ տարվա համեմատությամբ՝ դեպի մերձավոր արտասահմանի երկրներ ուղեւորությունների պահանջարկն աճել է 32%-ով, իսկ ընդհանուր առմամբ արտասահման՝ 4%-ով»,-  նշել են փորձագետները։ Ծառայության տվյալներով՝ ճանապահորդություն պլանավորողների մեծամասնությունը (83%) տոներին ուղուորությունների կմեկնի Ռուսաստանի տարբեր շրջաններ։ Ռուսաստանի ներքին ուղղություններից Ամանորին առավել պահանջված են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը եւ Սոչին, արտասահմանյաններից՝ Թուրքիան, Հայաստանը եւ Ղազախստանը։ Իսկ, ընդհանուր առմամբ, եթե հաշվի չառնենք մերձավոր արտասահմանի երկրները, առավել մեծ պահանջարկ ունեն Թուրքիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սերբիան եւ Իսրայելը։ Ինչպես եւ անցյալ տարի, ամանորյա ճանապարհորդությունները Ռուսաստանում եւ արտասահմանում կտեւեն մոտ մեկ շաբաթ։ Ռուսաստանի Դաշնությունում երկու ուղղությամբ ավիատոմսի միջին գինը մեկ անձի համար, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 18%-ով՝ մինչեւ 14 հազար ռուբլի։ Դեպի արտասահման եւ հետադարձ տոմսի գինը աճել է 79%-ով՝ մինչեւ 50 հազար ռուբլի։ Ռուսաստանում տոնական օրերին հյուրանոցային համարների ամրագրման միջին արժեքը կազմում է շուրջ 35 հազար ռուբլի, արտասահմանում՝ 42,5 հազար ռուբլի. հայտնել են ընկերությունից:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգման արդյունքները, որոնք փաստել են՝ տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների եւ գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, չի բացառվել խաչաձեւ աղտոտման հնարավորությունը, արտադրական տարածքի հատակի, պատերի եւ առաստաղի մակերեւույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր: Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:




Լրահոս