ՄԱՆԴԱՏԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում պահանջագիր ներկայացվեց ՀՀ կառավարություն՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ: Հիշեցնենք, որ ակնհայտ շինծու «բնապահպանական» պատճառաբանությամբ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ իրականացնում է ագրեսիա, որի հետեւանքով արդեն ավելի քան 10 օր է, ինչ արգելափակվել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, խուսափում է կատարել իր անբեկանելի պարտավորությունները Արցախի բնակչության նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության դիմաց զրուցել է «Համախմբում» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանի հետ:

 

-Պարո՛ն Չալաբյան, Դուք իշխանությունների կողմից քայլերի հաջորդականություն եք ներկայացնում, իշխանություններն էլ հակընդդեմ քննադատություն են հնչեցնում, թե Լաչինի միջանցքը հայկական կողմը չի փակել, այլ ադրբեջանցիներն են փակել, հետեւաբար ի՞նչ կարիք կա գալ կառավարության դիմաց եւ ցույց անել: Այդ քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Իշխանությունը չպետք է մեզ քննադատի, այլ մենք՝ իշխանությանը: Քաղաքացիներն են ընտրել իշխանությունը, եւ քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունից պահանջել, ոչ թե հակառակը: Այսինքն՝ իրենք չեն կարող քննադատել քաղաքացիներին կամ նրանց արարքները: Երկրորդը՝ մենք ցույց չենք անում կառավարության դիմաց, այլ մամուլի ասուլիս, եւ մենք ոչ թե եկել ենք կառավարության դիմաց բողոքի ակցիա անելու, այլ հանձնում ենք պահանջագիր, եւ պահանջագրի մեջ կետեր են, որոնք ինչ-որ իմաստով հուշում են այս իշխանությունների համար: Եթե այս իշխանությունը խելամիտ գործի, ապա կհասկանա, որ մեր ներկայացրած հուշումներից պետք է օգտվի, ոչ թե անընդհատ հակընդդեմ պնդումներ անի: Եվ երրորդը՝ այո, ճանապարհը փակել են ադրբեջանցիները, բայց խնդիրն այն է, որ կա եռակողմ համաձայնությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, որի կողմերից մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Եթե Հայաստանի Հանրապետությունն այդ եռակողմ համաձայնագիրը ստորագրել է, ապա հարց է առաջանում՝ եթե մյուս կողմերը դա խախտում են, ապա ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետությունը: Տեսեք, եթե Դուք մի փաստաթուղթ ստորագրեք ինձ հետ, ես խախտեմ, ապա Դուք ի՞նչ կանեք այդ դեպքում. օրինակ՝ դատարան կդիմեք, եւ դա հրաշալի է: Սակայն միջազգային հարաբերություններում, որպես այդպիսին, դատարան գոյություն չունի: Միջազգային հարաբերությունները կառուցված են ուժային հաշվեկշռի վրա: Դա նշանակում է, որ եթե դիմացի կողմը խախտում է պայմանագիրը եւ ուժ կիրառում, ապա կա՛մ մենք պետք է ուժ կիրառենք, կա՛մ պետք է համոզենք, որ այլ կողմերն ուժ կիրառեն նրա նկատմամբ: Դա է միակ ելքը:

-Բայց կարողանո՞ւմ ենք նման բան անել:

-Դե իմ ասածն էլ հենց այն է, որ եթե չեն կարողանում այս իշխանությունները նման կերպ գործել, ապա պետք է հրաժարական տան: Ամեն անգամ սեփական ապաշնորհությունը մեր վզին կապել պետք չէ: Մենք արդեն չորս տարի է՝ ապրում ենք սթրեսի պայմաններում, երբ այս իշխանությունն ամեն ինչ անում է, հետո գալիս ու հիմնավորում է իր ձախողումները: Ժողովուրդը հավատում ու ասում է՝ երեւի ուրիշ բան հնարավոր չէ, իսկ մենք ասում ենք, որ հնարավոր է. հրաժարական տվե՛ք, գնացե՛ք, ցույց տանք, որ հնարավոր է:

-Իշխանական պատգամավորների մի մասն ասում է, թե ռուսական կողմն իր պարտականությունը չի կատարում, թերանում է, իսկ մյուս մասն էլ, հակառակը, ասում է՝ չեն կատարում, որովհետեւ բավարար մանդատ չունեն, եւ պետք է այդ մանդատի ծավալներն ավելի ընդլայնեն: Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

-Ես կարծում եմ, որ մանդատի ծավալները պետք է ընդլայնել, եւ դա մեր  պահանջագրի երկրորդ կետն էր, եւ հենց այդպես էլ հնչում է՝ ընդլայնել մանդատը եւ նրան տալ ՄԱԿ-ի միջազգային կարգավիճակ: Ես կարծում եմ, որ դա է ճիշտ: Ես չէի ասի, որ իշխանական պատգամավորներից մի քանիսի հետ եմ նույն տեսակետի, այլ կասեի, որ նրանք են մեզ հետ նույն տեսակետին, բայց մենք կարծում ենք հետեւյալը. այս իշխանությունները ժամանակին լուրջ սխալ են թույլ տվել, որ համաձայնել են նոյեմբերի  9-ի կրակի դադարեցմանը, առանց խաղաղության միջազգային երաշխիքների,  եւ ստացել են միայն ՌԴ երաշխիքները՝ մի երկրի, որը հիմա գտնվում է պատերազմական իրավիճակում: Եթե մենք ունենանք միջազգային մանդատ, կարծում եմ՝ դա մեզ համար շահեկան կլինի:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով (bo.e-register.am): Հայտարարագիրը չներկայացնելու եւ ոչ պատշաճ ներկայացնելու համար սահմանված է պատասխանատվություն։

 

Նախորդ տարիներին հայտարարագիրը ներկայացրած անձինք եւս պարտավոր են մինչեւ 2023 թվականի փետրվարի 20-ը գործակալություն ներկայացնել հաստատում առ այն, որ իրական շահառուների վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տվյալներ կամ փոփոխված տեղեկություններ իրական շահառուների վերաբերյալ։

Եվ չնայած այս կանոնները գործելու են հունվարի 1-ից, սակայն շատերն անգամ տեղյակ չեն, որ նման կարգավորումներ են առկա, եւ պետք է ներկայացնեն հայտարարագիր: ArmLur.am-ը ներկայացնում է հայտարարագիր ներկայացնելու կարգը:

Այսպիսով, հայտարարագրի համար հաստատված է համապատասխան ձեւաթուղթ, որը լրացվում է էլեկտրոնային տարբերակով եւ ներկայացվում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Հայտարարագիրը կազմված է մի քանի բաժնից, տեղեկություններ են լրացվում միջանկյալ իրավաբանական անձանց, իրական շահառուների մասին տվյալներ: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Սկզբում կլինի նախազգուշացում, հաջորդ փուլում հնարավոր է լինի նաեւ վարչական տուգանք՝ մինչեւ 100 հազար դրամի սահմաններում:

Պատասխանենք մի քանի գլխավոր հարցերի.

Ո՞վ է իրական շահառուն

Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը, կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։

Ի՞նչ ժամետներում եւ ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը

Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը եւ դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը եւ առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։

Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք մինչեւ փետրվարի 20-ը պետք է տեղեկատվություն ներկայացնեն նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

1 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ

Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ  արժողությամբ, 20 հատ հուշամեդալի տուփեր: Մեկ այլ պայմանագրով 912 հազար 500 դրամ է ծախսվել՝ 25 հատ արույր ոսկեպատ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 19 հազար դրամ արժողությամբ, 5 հատ արծաթ ոսկեպատ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ,  եւ 30 հատ հուշամեդալի տուփ գնելու համար: Ուշագրավն այն է, որ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Բոլորովին վերջերս՝ այս տարվա դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, որը հայտնել էր, որ խանութից գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ նախնական տեղեկություններով պատճառելով 350 հազար դոլարի վնաս: Այս տարվա ապրիլին ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան դարձյալ Էմիլ Գրիգորյանի մասով. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝  100.000.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրանքներ էին առաջադրվել Երեւանի ոսկերչական գործարանի նախկին եւ ներկա տնօրեններին, «Գնոմոն»-ի տնօրենին: Այս ընկերությունը ՊԵԿ-ի կողմից եւս տարբեր ժամանակներում տուգանվել է: Փաստորեն, անբարեխիղճ ընկերությունը շարունակում է նոր պատվերներ ստանալ Վահան Քերոբյանի կողմից, այն էլ՝ «մեկ անձից գնում»-ի սկզբունքով՝ այն, ինչ ժամանակին կոռուպցիա էր համարում Նիկոլ Փաշինյանը: Առանց մրցույթի գումարների բաշխում….

 

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՈՍԿԻՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ դատավորը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատավորին այդքան ոսկի, արդյոք մահացած դատավորինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատավորի տանը, այժմ պարզում են իրավապահները: Փաստ է մեկ բան. դատավորը մահացած է , իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ: Նրա անունը չենք հրապարակում՝ մահացած մարդուն հանրային պարսավանքի չենթարկելու համար:  Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։

 

 




Լրահոս