«Ադրբեջանի կողմից, բնական է, շատ գերքայլեր չենք էլ ակնկալում»,- դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե Ադրբեջանը, ամեն դեպքում, ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելուց հետո շարունակում է փակ պահել ճանապարհը, ինչ գործիքակազմ կա, ինչ է սպասվում:
«Ցավոք սրտի, գործիքակազմն ունի սահմանափակումներ, բայց զուտ եթե ֆորմալ առումով խոսենք, Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետեւյալ քայլերի հնարավորությունը կա. նախ՝ Նախարարների կոմիտեի հարթակը կա, որին ծանուցելու հնարավորություն ունի դատարանը իր կիրառած միջոցների մասին։
Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի քաղաքական հիմնական մարմինը, հետեւում է նաեւ դատարանի վճիռների կատարման ընթացքին։ Նախարարների կոմիտեն պետք է անհրաժեշտության դեպքում քննարկի, միջամտի այս հարցերին, հասկանա, թե քաղաքական առումով ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»։
Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ նման որոշումներից հետո Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի դիվանագիտական ոլորտում. «Այսպիսի որոշումների արդյունավետությունը կախված է նաեւ մեր հետագա ակտիվ քայլերից, դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից»:
Լրագրողի նկատեց, որ Հայաստանը երկու պահանջ էր ներկայացրել՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել կարիք ունեցողերի տեղաշարժը: Ըստ էության, ստացվում է, որ ՄԻԵԴ-ը միայն երկրորդ պահանջն է բավարարել. կարելի՞ է անել եզրակացություն, որ ՄԻԵԴ-ն իսկապես Ադրբեջանին հստակ ցուցում չի տվել բացել, ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Ի պատասխան՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Եվրոպական դատարանի կողմից նման ձեւակերպում տալն ունի պատճառներ։ Մենք, իհարկե, պահանջել էինք ապաշրջափակել ճանապարհը, փորձել էինք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջեւ՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն՝ դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքը պաշտպանող, 3-րդ հոդվածով՝ անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի արգելք, բացառիկ դեպքերում՝ 8-րդ հոդվածով՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, որոնցով պաշտպանող իրավունքների համար, երբ կա անդառնալի վնասի ռիսկ, այդ պարագայում դատարանում կիրառում է միայն այս միջոցը։ Այսինքն՝ դատարանից ակնկալել, որ միայն ասելու էր՝ բացել ընդհանրապես, սխալ կլիներ. դատարանը երբեք այդպիս բան չէր ասի, իր ցանկացած գործողություն պետք է կապեր կոնկրետ իրավունքի հետ։ Նույնիսկ եթե մենք դատարանից ստացել ենք սա, արդեն բավականին մեծ քայլ է»։
Ե. Կիրակոսյանը նաեւ նշեց, որ եթե հարցը շարունակեն բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում, մի քիչ ավելի լայն միջոց ստանալու հնարավորություն կա. հիմա քննարկվում է այդ հարցը։
Նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում իրենք բարձրացրել են նաեւ հարցը, որ ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում կան զինվորականներ. նրանցից մեկը անգամ լուսանկարվել է Ռամիլ Սաֆարովի հետ, ինչն ինքնին վտանգավոր կամ մտահոգիչ է. «Պարենային անվտանգության հատվածը եւս ներկայացրել ենք: Շեշտը դրված է եղել հատկապես դեղորայքային խնդիրների վրա: Մենք երկու ուղղությամբ ենք աշխատում. մենք ապացույցներ ենք ներկայացնում դատարանին, միաժամանակ փորձում ենք մաքսիմալ նվազեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող մանիպուլյացիաների էֆեկտը դատարանի վրա»:
Հարցին, թե ՄԻԵԴ-ի որոշումը հնարավորություն տալիս է արդյոք սննդամթերք ու պարեն ուղարկել Արցախ, Կիրակոսյանը պատասխանեց. «ՄԻԵԴ որոշումը հնարավորություն է տալիս մեկնաբանություններ անելու: Այնտեղ լայն է ձեւակերպված, եւ պարտադիր չէ, որ մենք սահմանափակվենք միայն հիվանդներով եւ ճանապարհին մնացողներով, որովհետեւ այն մարդիկ, որ գնում են, հետո անհրաժեշտ է լինելու նորից գնալ-գալ: Շատ կարեւոր է, որ ՄԻԵԴ որոշման մեջ նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, իսկ այդ հայտարարությունում հստակ նշված է Լաչինի միջանցքով մարդկանց բեռների, մեքենաների ազատ տեղաշարժն ապահովելու մասին: Պատահական չէ, որ դատարանը մեջբերում է այդ հայտարարությունը: Այսինքն՝ սա նշանակում է, որ, այո, մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով»:
Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը եւ միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
«Հայաստանն օգտագործում է իր ողջ կարողությունները, աշխատում է, որ հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի»,- վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ կապը ՀՀ-ի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով, իրականացվում է անխոչընդոտ»,- վստահեցրեց Գրիգորյանը:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունները Արցախի շրջափակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակման պատճառով մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։ Ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահների ճիգերը մինչ այժմ ցանկալի արդյունքներ չեն տվել՝ սանձելու ադրբեջանական կողմի սադրանքներն ու հակահայ գործողությունները։ Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա կամ բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի իշխանությունների կողմից։ Ռուսաստանը, եվրոպական կառույցներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր են օգնության հասնել Լեռնային Ղարաբաղում ապրող եւ գործող խաղաղ բնակչությանը։ Մարդկային իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն նկատող երկրները պետք է դիմեն գործնական քայլերի՝ տարաբնույթ մարդասիրական օգնություն հասցնելու համար ձմեռային եղանակային պայմաններում տառապող ժողովրդին։
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են ստորագրված համաձայնագրերի համաձայն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե զորախումբը չի կատարում Լաչինի միջանցքի վերահսկողության իր պարտավորությունները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ գործում են՝ բացառապես փաստաթղթերի ոգուն եւ տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջեւ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի այդ հարցը քննարկել հայ դաշնակիցների հետ։
ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում ասվում է. «Բավարարել հետեւյալ անձի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը՝ Ռուբեն Կառլենի Վարդանյան (ծնվ. 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում)»: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։ Նշենք, որ նա այժմ Արցախի պետնախարարն է:
ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջեւ ստորագրվել են հետեւյալ փաստաթղթերը.
l «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
l «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառաության եւ Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջեւ 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր,
l «Էներգետիկական եւ ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,
l «Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի եւ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջեւ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն,
l «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր,
l «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջեւ 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»,
l «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: