ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ՝ 93 ՀԱԶԱՐ 250 ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինիս կողմից եւ համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ:

 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաեւ ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու եւ հանձնելու վերաբերյալ առաջարկը:

Նույն ժամանակահատվածում նշված պայմանագրային զինծառայողը հանձնելու նպատակով հավաքել եւ համացանցային կապի ընթացքում 2022 թվականի ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Վերջինս փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված եւ հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն համապատասխանաբար 24 հազար եւ 21 հազար 250 դրամ գումար:

Բացի այդ, 2022 թվականի մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հանձնարարությամբ հավաքել եւ նրան է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների եւ դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց, որպես վարձատրություն, ստացել է 48 հազար դրամ:

Այսպիսով, նշված պայմանագրային զինծառայողը հնարավորություն է ստացել, չբացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին աշխատելու փաստը, հավաքել եւ վարձատրության դիմաց վերջիններիս հանձնել պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի եւ միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի եւ միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաեւ կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկի կողմից իր առջեւ դրված մարտական խնդիրների բնույթը, իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները, այդպիսով խոչընդոտել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների պատշաճ իրականացմանը. լրտեսության, ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու եւ հանձնելու, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության կատարել է պետական դավաճանություն:

Նշված հանցանքը կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել՝ պայմանագրային զինծառայողի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նրան մեղադրանք է ներկայացվել. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

 

 

ԿԵՂԾ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ

COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ կազմած եւ ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստացած «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Լ.Մ.-ի, նրան օժանդակած նույն բուժհաստատության բուժքույր Օ.Կ-ի, կաշառքի միջնորդությունը ստանձնած Հ.Գ.-ի, կաշառք տվող Ք.Ք.-ի եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդող Ս.Թ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից հաստատվել եւ վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենը 2021 թվականին մի շարք քաղաքացիներից, այլ անձանց միջնորդությամբ, որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումար, ընդունել կաշառք տալու առաջարկներ, ինչպես նաեւ քաղաքացիների դրդմամբ կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ շահադիտական նպատակով քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ իբր պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները նույն բժշկական հաստատության այլ աշխատակցի օժանդակությամբ լրացրել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված ձեւաթղթում, ինչպես նաեւ մուտքագրել է պաշտոնական «Արմեդ» համակարգ՝ կազմելով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատ:

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատությունների աշխատակիցներին եւ քաղաքացիներին զերծ մնալ նման հանցավոր գործունեությունից՝ հաշվի առնելով, որ դրա արդյունքում իրական վտանգ է ստեղծվում անձանց կյանքի եւ առողջության համար՝ որոշ դեպքերում հանգեցնելով անդառնալի հետեւանքների:

 

 

 

 

ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, կոտրելով Երեւան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող տներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ, հարձակվել նշված տանը միայնակ ապրող 75-ամյա բնակչի վրա, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 ՀՀ դրամ եւ դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նշանակվել են դատագենետիկական եւ դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, դեպքի հանգամաքնները պարզելու ուղղությամբ։

 

 

 

 

70 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ՝ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս ուշագրավ դեպք է եղել Երեւան քաղաքում: 70 տարեկան տատիկը զանգահարել է իրավապահներին եւ հայտնել, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբամաներից մեկում սխալմամբ աղբի հետ թափել է իր 70 հազար դոլարը: Տատիկը իրավապահներին հստակ մատնանշել է, թե կոնկրետ որ փողոցի որ վայրում է գցել աղբը: Իրավապահները կնոջ ահազանգին ընթացք են տվել, գնացել են նրա բնակարան, զրուցել են նրա հետ, նրա այդ հայտարարությանը խիստ կասկածանքով են վերաբերվել, սակայն զբաղվել են կնոջ ահազանգով:

Ավելի ուշ ստուգել են Դավիթաշեն վարչական շրջանի աղբամանը եւ տեսել են, որ այնտեղ գումար չկա: Որոշ ժամանակ անց ստուգվել են աղբամանի տարածքում գտնվող տեսախցիկները: Տեսախցիկների ստուգման ընթացքում նկատել են մի տղամարդու, որը մոտեցել է աղբամանին եւ փնտրել է ուտելիք եւ հագուստ, որից հետո աղբամանից հանել է մի տոպրակ եւ հեռացել: Ոստիկանություն դիմած տատիկը հետաքննիչներին հայտնել է, որ հենց այդ տոպրակի մեջ էլ գտնվել է իր 70 հազար դոլարը: Ոստիկանները գտել են տղամարդուն եւ նրա բնակարանից հայտնաբերել են 70 հազար դոլարը: Իսկ թե 70 տարեկան տատիկին որտեղից այդ գումարը, միգուցե կպարզեն իրավապահները:

 

 




Լրահոս