2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարի բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանանք մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:
Ավանդույթը չխախտելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
Եւ այսպես.
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյան
Ճագարի տարում ծնված Փաշինյանի համար անձնապես հաջողակ տարի է խոստանում լինել 2023 թվականը: Բախտը էլի կլինի նրա կողքին, ֆինանսական հաջողությունների տեղատարափը կշարունակվի: Փափուկ եւ անհոգ կյանքը, այս կամ այն հարցի լուծման համար դիմելիության հոսքը կշարունակի շլացնել Ձեզ ու Ձեր մերձավորներին, սակայն գործնական կյանքում սթրեսները անխուսափելի կլինեն: Անհասկացվածությունը կշարունակի Ձեր հիմնական ուղեկիցը լինել ողջ տարվա ընթացքում. ժամանակ առ ժամանակ անհասկացվածություն կլինի ինչպես մերձ թիմակիցների, այնպես էլ արտաքին կենտրոնների հետ հարաբերություններում: Արկածախնդրությունը էլի կդրսեւորվի Ձեր կյանքում հաճախ, ինչի համար աստղերը հուշում են լինել առավել կայուն, պահպանել դիրքորոշումները, պահի տակ որոշումներ չկայացնել, չձգտել սեղմել, ճնշել որեւէ մեկին… Փոխարենը լավ կլինի գտնել այս կյանքում գոնե մեկ հուսալի, անփոփոխ, անդավաճան ընկեր…Եթե չի հաջողվի, հոգ չէ, կապրեք այսրոպեական ընկերներով, ինչպես անցած մոտ 5 տասնյակ տարիների ընթացքում: Այնպես որ, հիշեք՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:
ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյան
Խոզի տարում ծնված Վահագն Խաչատուրյանի համար 2023-ը խոստանում է գերազանց տարի լինել: Այս կենդանակերպի համար ֆինանսական առումով տարին շատ շահավետ կլինի՝ եկամուտների, ծպտյալ փոստային բիզնեսը զարգացնելու տեսանկյունից: Աշխատանքային գործունեությունը, որն իր մեջ ներառում է զերո պատասխանատվություն, իսկը Ձեզ համար է: Բոլորը ամեն բան մտածում եւ իրականացնում են Ձեր փոխարեն, մնում է՝ ինքներդ հոգաք գլխավոր հարցը՝ ինչպես շարունակել արքայավայել կյանքը կարիերայի ավարտից հետո: Դրա համար 2023 թվականին Ձեր նպատակը պետք է լինի ավելի շատ ներդրումներ կատարելը, քանի դեռ եկամուտները Ձեզ ֆինանսապես ապահով չեն դարձրել: Բայց ռիսկ, ամեն դեպքում, կա՝ հաշվի առնելով քաղաքական այն առաջնորդին, որի հրահանգները կատարում եք անվերապահորեն: Նա ցանկացած պահի կարող է հրահանգել գահընկեց անել Ձեզ՝ հաշվի առնելով, որ նախորդ կյանքում Դուք ի պաշտոնե օգնել եք գործարարներից մեկին Երեւանի սրտում շինության տեր դառնալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ամեն դեպքում, աստղերը հուշում են՝ Ձեր չեզոք վերաբերմունքը եւ կայացված որոշումները չքննարկողի կեցվածքը կօգնեն երկարաձգել կառավարումը մինչեւ նոր, առավել հարմար թեկնածուի ի հայտ գալը: Վերջում հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում կատարել Փաշինյանի բոլոր հրահանգները:
ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյան
Կապիկի տարում ծնված Ալեն Սիմոնյանի համար 2023-ը կարող է լինել հաջողակ եւ կայուն, բայց դրա համար պետք է մի քիչ պայքարել։ Հնարավոր է՝ աշխատավայրում անսպասելի բաներ տեղի ունենան, բայց պետք է գիտակցել դրանց պատճառները, մաքրել սեփական թիմը ինքնահաստատման կարիք ունեցողներից եւ շրջապատվել այնպիսի մարդկանցով, որոնք իրապես Ձեզ հավատարիմ են, այլ ոչ թե Ձեր կողքին են իրենց կարիերայի առաջընթացի ապահովման համար: Իհարկե, սեփական թիմում Ձեր ոտքի տակը փորողների պակաս չկա, բայց պետք է հումորով վերաբերվել գործադրվող ջանքերին՝ իհարկե դասեր քաղելով ամեն փորձությունից: Չպետք է վեր-վեր թռնել ունեցած հաջողություններից, այլ դրանք ծառայեցնել՝ ի բարօրություն բոլորի: Աստղերը հուշում են ընտանեկան հարաբերություններում լինել ընդգծված ազնիվ եւ փխրուն հարաբերությունները չբարդացնել: Հիշեք՝ ընտանիքն ամենակարեւոր ձեռքբերումն է կյանքում:
ՀՀ առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյան
Ճագարի տարին աքաղաղների համար խոստանում է շատ վայրիվերումներ չանել. կյանքի ռիթմն ու ակտիվության չափաբաժինը կպահպանվի նաեւ 2023 թվականին: Ձեր իմաստուն խորհուրդները լսելու կարիք, իհարկե, միշտ կա, բայց միասնականության Ձեր ձգտումները՝ առավելապաշտական նկրտումներով, դատապարտված են էլի ձախողման: Աստղերը հուշում են հետեւել Ձեր առողջությանը, շարունակել թոռների կրթության վրա գործադրվող ջանքերը:
ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյան
Ձիու տարում ծնված Ռոբերտ Քոչարյանի համար կյանքի հետաքրքրությունները շարունակելու են նույնը մնալ, ինչ 2022 թվականին. սեփական առողջությունը, սպորտով զբաղվելու անշեղ գործելաոճը եւ հայրենիքի համար մտահոգությունները, որոնք դրսեւորվում են տարբեր կերպ: 2023-ի կանխատեսումներն ասում են, որ ձիերը հիանալի առողջություն կունենան տարվա ընթացքում, սակայն նրանց էմոցիոնալ առողջությունը խնդիրների առաջ կկանգնի։ Հարաբերությունները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների: Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի հեռացվեն խոչընդոտները, եւ հարաբերությունները դառնան ավելի կայուն եւ հաճելի: Դուք վերջնականապես հասկացաք, որ քաղաքական նորելուկ՝ թիթեռնիկ գործիչների հետ, որոնք հավակնում են կուսակցապետ լինել, չարժե ճանապարհ գնալ, եւ նրանցից օր առաջ ազատվելը Ձեզ ավելի կուժեղացնի: Շարունակե՛ք Ձեր հաստատուն կեցվածով առաջ գնալ, շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ. կայուն արժեքը ընտանիքն է: Աստղերը հուշում են այս տարում առավել ակտիվ լինել, քանի որ Ձեր պասիվությունը ակտիվացնում է անհայրենիք տեսակին:
ՀՀ երրորդ նախագահ
Սերժ Սարգսյան
Ձիու տարում ծնված Սերժ Սարգսյանի համար այս տարին խոստանում է առավել ակտիվ լինել: Մինչ այս Ձեր առավել ծածուկ գործելաոճը կփոխարինվի ավելի բացահայտ քայլերով: Ձեր կողքին կանգնած հաստատուն թիմակիցները կշարունակեն ոգեւորել Ձեզ՝ հասկանալու համար, որ Ձեր նկատմամբ ընկալումն ու պատկերացումներն են սխալ եղել անցյալում: Աստղերը հուշում են խոսել այս տարի եւ վերջապես բացատրել թեւավոր դարձած միտքը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»… Ի՞նչ էր դա նշանակում: Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում: Հետեւե՛ք Ձեր առողջությանը:
Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:
ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ
ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ 2023թ. հունվարի 1-ից մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են.
մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
-խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
-գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
-խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):
2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
-խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
-խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
-խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):