ՀԱՅՏՆԻ Է ՕՍԿԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակին առաջադրված թեկնածուների ցանկը 10 անվանակարգերում։

 

«Լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում ընտրվել է 15 ֆիլմ։ Դրանց թվում են կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» ֆիլմը, Սայմոն Լերենգ Վիլմոնտի «Բեկորներից պատրաստված տունը» ֆիլմը՝ Ուկրաինայի արեւելքում գտնվող մանկատան մասին, ինչպես նաեւ Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Լորա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունը եւ արյունահեղությունը» ֆիլմը։  Բացի այդ, անվանակարգում ներկայացված են նաեւ ամերիկացի, հնդիկ եւ չինացի ռեժիսորների աշխատանքները։

«Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում նույնպես ընդգրկվել է 15 ֆիլմ Արգենտինայից, Ավստրիայից, Բելգիայից, Կամբոջայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Մեքսիկայից, Մարոկկոյից, Պակիստանից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Հարավային Կորեայից: Այս անվանակարգի համար հայտ էր ներկայացրել 92 երկիր։ «Օսկարի» առաջադրման փուլում կինոակադեմիայի բոլոր ճյուղերի անդամները պետք է դիտեն ֆիլմերը եւ որոշեն մրցանակի հավակնորդներին։

Բացի այդ, ներկայացվել են թեկնածուները հետեւյալ անվանակարգերում՝ «Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Դիմահարդարում եւ սանրվածք», «Երաժշտություն», «Վիզուալ էֆեկտներ» եւ այլն։ «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2023 թ.-ի մարտի 12-ին Լոս Անջելեսում, իսկ մրցանակին առաջադրվողների անունները կհայտարարվեն հունվարի 24-ին։

 

 

 

 

ՏՈՄՍԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները եւ համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Նախարարությունը հիշեցնում է, որ ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների եւ նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ):

Ծրագրից օգտվելու նախապայմաններն են.

յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն եւ համերգասրահ բաժինները:

Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ:

Այցելությունները պետք է նախապես ամրագրվեն եւ համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ:

Թատերական եւ համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու եւ առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր:

Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են եւ պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ:

Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից եւ մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը:

Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու եւ մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն:

 




Լրահոս