ԺԱՄԱՆԱԿ Է ՀԱՐԿԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանական արհեստական պատճառաբանություններով Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, որոնք ներկայանում են իբրեւ թե «բնապահպան-ակտիվիստներ», շարունակում են փակ պահել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարություններում նշվում է, թե Ռուսաստանի Դաշնությունը բանակցում է Հայաստանի եը Ադրբեջանի հետ Լաչինի  միջանցքը բացելու հարցով, սակայն, ըստ էության, բանակցություններն արդյունք չեն տվել։

 

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցել է ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւի հետ։

-Պարո՛ն Եվսեեւ, ինչո՞ւ Ադրբեջանը դիմեց նման քայլի, եւ մինչեւ այժմ բանակցություններն արդյունք չեն տալիս։

-Ադրբեջանը թիրախավորել է խաղաղապահներին նրանց Ղարաբաղից դուրս բերելու համար. Ի սկզբանե Ադրբեջանը  մանդատ չէր տվել, եւ այս առաքելությունը ՄԱԿ-ի կողմից հաստատված չէր։ Սա նոր երեւույթ չէ, պարզապես Ադրբեջանն այս անգամ այլ պատրվակով է փորձում հասնել իր նպատակներին: Ադրբեջանը նաեւ շտապում է, քանի որ Ռուսաստանը զբաղված է շատ ավելի թեժ օջախներով եւ չունի բավարար ռեսուրս Ղարաբաղն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ պետք է ժամանակ ձգել եւ չլարել իրավիճակը։

-Այսինքն՝ այս քայլը խաղաղապահների դե՞մ էր նաեւ։

-Բոլոր հնարավոր գոտիներում հավելյալ խնդիրներ են ստեղծվում ռուս խաղաղապահների համար: Ռուսաստանի շուրջ հնարավորինս շատ անկայունություն են փորձում ստեղծել եւ ուկրաինական իրադարձությունների ֆոնին նպատակ ունեն թուլացնել ՌԴ-ն, սակայն ՌԴ-ն ունի լծակներ իրավիճակը կարգավորելու համար, պարզապես ժամանակ է պետք։ Եվ, այո, այստեղ խնդիրը խաղաղապահները չեն, խնդիրները քննարկվում ու լուծվում են քաղաքական մակարդակում։

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը։

-Ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ հստակ հաշվարկներ են արվել, թե միջազգային հանրության կողմից  ինչ արձագանքներ են լինելու իրավիճակին, ինչ շահեր են կենտրոնացած լինելու։ Եթե այս ամենը տեղի չունենար Ուկրաինայում ՌԴ գործողության ֆոնին, լիովին այլ պատկեր կարելի էր ակնկալել։

Իրավիճակի արագ հանգուցալուծում չի կարող լինել, ուստի կոչերը բացարձակ որեւէ հարց չեն լուծում։ Իհարկե, Արեւմուտքը փորձում է պատասխանատվությունը գցել միայն ՌԴ ի վրա։ Այս ֆոնին Ռուսաստանն ավելի զգույշ դիրքավորում է ընդունել՝ ելնելով իր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերից։ Ռուսաստանի գլխավոր խնդիրն այսօր Ուկրաինայում է, իսկ Արեւմուտքն ամենուր փորձում է, օգտագործելով ՌԴ իրավիճակը, կրճատել ՌԴ ազդեցությունը։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՆԱՑՎԵՑ

Կառավարության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն արդեն խորհրդարանում է: Կառավարությունը պատասխանատվություն կսահմանի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվու է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

ՆԱԻՐԱ ՀԱՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

«ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ»

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն օրենքի նախագիծ է շրջանառել, ինչը ենթադրում է՝ «կարմիր գծերի» գծանշում այսուհետ կարող է այլ գույնով կատարվել:

Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում նախատեսվում է հետեւյալ փոփոխությունը կատարել. «Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գույնին ու ձեւին համապատասխան գետնանշումով»:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ընդդիմադիր եղած ժամանակ հաճախ էր խոսում ու քննադատում ավտոկայանատեղերի համար առանձնացված «կարմիր գծերը»: Այժմ, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է հրաժարվել «կարմիր գծերի» միայն կարմիր գույնից:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԵԾ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու կարգը մեծ գլխացավանք է առաջացրել թոշակառուների մոտ: Երեկ այդ պատճառով հայաստանյան բանկերում մեծ ու երկար հերթեր էին. թոշակառուները փորձում էին քարտեր հանել: Նշենք, որ թոշակառուների մեծ մասը դեռ չի հասցրել ընտրել թոշակ վճարող կազմակերպությունը, այդ իսկ պատճառով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային բանկերում, հերթեր էին գոյացել: Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից Հայաստանի հազար եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերի մինչեւ 75 տարեկան բոլոր թոշակառուները, որոնք հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ չունեն, թոշակը ստանում են անկանխիկ եղանակով` քարտով։ Բացի այս, մեկ այլ խնդիր եւս. Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ գյուղերում ապրող թոշակառուն հնարավորություն չունի քարտով առեւտուր անել կամ կանխիկացնել գումար, այդ նպատակով նա ստպված է լրացուցիչ գումար ծախսել՝ հասնելու մոտ գտնվող քաղաք: Մի խոսքով, մարդկանց հասանելիք թոշակների վճարումն ու անգամ ծախսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գլացավանք է դարձրել:

 

 

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՀԵՏԱՆԱԼ

Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը, որ նախատեսում է համացանցի սահմանափակումներ կիրառել արտակարգ դրություն հայտարարվելու ժամանակ, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, մինչեւ հրապարակվելը քննարկման պատճաշ փուլ չի անցել:

Ավելին՝ անհասկանալի է, թե ով է այդ գործընթացի՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծ մշակելու իրական նախաձեռնողը:

Նրա համոզմամբ՝ նախագիծը բովանդակային առումով քննարկման իրենց հարցը չէ։

«Ո՞վ է այս խնդրի իրական շահառուն՝ բանա՞կը, կառավարությո՞ւնը, ԱԱԾ-ն, թե՞ մեկ ուրիշ մարմին: Իսկ եթե հստակ չէ, դա արդեն իսկ խնդրահարույց է, քանզի անհասականալի է՝ ով է ցանկանում ինչ-որ բան փոխել»,- ասում է Մարտիրոսյանը:

Մասնագետի գնահատմամբ՝ հաշվարկված չէ, ու հստակ չէ, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ որոշվի արգելափակել համացանցը, որովհետեւ մինչեւ այս պահը որեւէ մեկը նման բան չի արել, ու ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչ հետեւանքերի կարող է դա բերել:




Լրահոս