Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր մամուլի ասուլիսի ժամանակ արել է հայտարարություններ, որոնցով ապացուցել է, որ Լաչինի միջանցքը փակելը նպատակ ունի Արցախը հայաթափել։ Այդ մասին փոխանցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:
Օրինակ, իր հայտարարություններից մեկով նա ասում է.«Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները ՝ ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կամ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի կամ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։
Մեկ այլ հատվածում նա նշում է. «Լաչինում այս ցրտին կանգնած մեր երիտասարդները մեր հերոսներն են: Նրանց հետ կապված կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբրև բլոկադա են ստեղծել: Բայց սա սուտ է: Մենք գիտենք, որ իրանական մեքենաներ էին մտնում այդ ճանապարհով, նրանց մեքենաներին կեղծ հայկական համարներ էին տեղադրվում: Մենք ամեն ինչից տեղյակ ենք եղել: Հիմա էլ խաղաղապահները ուտելիք են տանում այնտեղ ապրող հայերին, Կարմիր խաչն է մտնում: Չկա բլոկադա: Հայերը և նրանց հովանավորները փորձում են կեղծել իրականությունը: Ակցիան շարունակվելու է: Մեր պահանջները ազնիվ են: Մենք ապրելու պայմաններ կստեղծենք նրանց համար, ովքեր պատրաստ են ապրել ադրբեջանական դրոշի ներքո»:
Այս մեկնաբանությամբ Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ այս ակցիան կազմակերպել է հենց ինքը, նպատակն էլ հայերին դուրս հանելն է։
Ն.Հ.