Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ Հայաստանի ե Ֆրանսիայի ԱԺ նախագահներ Ալեն Սիմոնյանի եւ Յաել Բրաուն Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան էր ժամանել երեկ եւ այսօր առավոտյան այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դրանից հետո խորհրդարանում տեղի է ունեցել նրանց հանդիպումը, ապա նաեւ հանդիպում լրատվամիջոցների հետ:
Ֆրանսիայի ԱԺ նախագահը իր խոսքում նշեց այն քայլերը, որոնք այս ընթացքում արել է Ֆրանսիան՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասով: «Մենք վերահաստատում ենք այսօր, որ ժողովրդավարական արժեքները պետք է մեր ուղենիշը լինեն: Շատ կարեւոր է, որ վերականգնվի Լաչինի ճանապարհով երթևեկությունը, էլեկտրաէներգիան եւ ինտերնետային կապերը: Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք աղետից»,- նշեց Յաել Բրաուն Պիվեն:
Լրագրողների կողմից հարց հնչեց Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասով, քանի որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ էին եղել: «Անկախության ճանաչման մասով դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք»,-նշեց նա:
Ապա լրագրողներից մեկը նկատեց, որ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է եւ այսպիսով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն այլեւս չի ընդունում եւ մերժում է: Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցով եւ ինչ քայլեր պետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է վերադառնալ երկխոսության կողմերի միջեւ, որ Մինսկի խումբը գոյութոյւն ունեցող հարթակներից մեկն է եւ շատ կարեւոր»,- նշեց նա:
Ն.Հ.