Ռուսաստանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սոլեդար քաղաքը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունները շարունակելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցի ընթացքում:
«Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել Արտյոմովսկ քաղաքից հարավ-արևմուտք տեղակայված ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, այնուհետև արգելափակել և շրջապատել այնտեղ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները», – ասել է Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ Սոլեդարը գրավել հնարավոր է եղել ռուսական ուժերի գրոհային և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հակառակորդին մշտական կրակային հարվածներ հասցնելու շնորհիվ:
Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հաստատել Սոլեդարի գրավման մասին տեղեկությունները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականին հայտնել էր, որ Սոլեդարում և Բախմուտում իրավիճակը չափազանց ծանր է:
«Արդեն մի քանի ամիս մարտեր են ընթանում, սակայն մեր մարտիկներին հաջողվում է պահել դիրքերը», – ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը հսկայական կորուստներ ունի այնտեղ:
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր Telegram-ալիքում այսօր առավոտյան հայտնել էր, որ Սոլեդարում «գիշերը թեժ է եղել, մարտերը շարունակվում են»:
Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գերակշռում են, սակայն ուկրաինացի զինվորականները մարտնչում են հենց քաղաքի ներսում:
Սոլեդար քաղաքը հայտնի է իր աղի հանքերով, որի պաշարները գրեթե անսպառ են: