Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում անվտանգային եւ հումանիտար խնդիրները գնալով խորանում են, ինչի հետեւանքով ընտանիքների մեծ մասը լքել է գյուղը։ ArmLur.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են գյուղի ուղղությամբ, հատկապես՝ գիշերային ժամերին. «Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում. ընտանիքները, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, գնում են ավելի ապահով վայրեր։ Մարդիկ իրենց երեխաների ապահովության մասին են մտածում: Դեպքեր են եղել՝ անձամբ ես եմ իջեցրել իրենց ներքեւի գյուղեր, գնում են Վարդենիս ու այլ գյուղեր, բայց այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Մեկ- մեկ գալիս են, իրենց տները ստուգում են, նորից գնում են»,-ասաց համայնքապետը։

 

Գյուղի ջրային խողովակն էլ, որը 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայտնվել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ, վերջերս ամբողջությամբ սառել էր, ինչի հետեւանքով շուրջ երկու օր ջուր չի եղել գյուղում. «Մեր զինվորականների շնորհիվ կարողացել ենք կարգավորել այդ հարցերը, անվադողեր ենք վառել, որ խողովակը հալեցնենք, երկու օր է՝ ջուր չունեինք, բայց հիմա արդեն ունենք»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ խնդրի մասին ահաանգել էր նաեւ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետեւանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլեւս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։

Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյմբերի 25-ին՝ մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։

Վերին Շորժայի սարատեղիի հատվածադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռեւս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից, եւ այլն։

2022թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետեւանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաեւ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ եւ այլ գյուղերի համար։

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել, կամ ջուր չկա առհասարակ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ շաբաթ օրը Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամները:  ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կրկին տեղակայվի Հայաստանում, եւ այժմ դիտարկում են դրա տեղակայման հնարավորության հարցը:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաեւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

 

ԱՅՑ՝ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ այցը եղել է դեկտեմբերին։

ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են գերիների առողջական վիճակին եւ նրանց պահման վայրին։

Գերիներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել իրենց հարազատների հետ, նրանք ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով նաեւ նամակներ եւ տեսաուղերձներ են փոխանցել իրենց ընտանիքի անդամներին։

 

 

 

ԹԱՓՈՒՐՀԱՍ ՏԻՔՆԵՐ

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցման՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ մարզպետարանի ենթակայության տակ գործող 76 հանրակրթական դպրոցներում առկա ուսուցիչների  27 թափուր հաստիք՝ Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ֆիզիկա, Անգլերեն, Ռուսերեն, Պատմություն, Արվեստ, Բնագիտություն, Ինֆորմատիկա, Շախմատ, Տեխնոլոգիա, Երաժշտություն առարկաների։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնում են, որ մասնագետ ուսուցիչների առումով վիճակն ավելի վատթար է, դպրոցներում շատ առարկաներ  դասավանդում են մասնագիտական կրթություն չունեցողները։

 

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ Է

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բացելու մասով այս պահին բանակցություններ չեն ընթանում, մի շարք հարցեր է առաջացրել արցախցիների մոտ։

«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են, որ տեղացիները մտահոգված են՝ եթե բանակցություններ չեն ընթանում, ապա էլ ինչպես, ինչ մեթոդով կամ մեխանիզմներով է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվելու։ «Այստեղ այնպիսի տպավորություն է, թե բոլորը միայն հայտարարություններ են անում կամ գրառումներ կատարում սոցիական ցանցերում, հատկապես՝ հայաստանյան իշխանությունը։ Անորոշություն է, մարդիկ միմյանցից են փորձում հարցերի պատասխանը ստանալ, բայց ապարդյուն»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի մեր աղբյուրը։

Մենք տեղեկացանք նաեւ, որ այս օրերին Արցախում նաեւ ճգնաժամային կառավարումն է վատ իրականացվում, օրինակ՝ մի ընտանիքի բոլոր 5 անդամները խանութում կարող են հերթ կանգնել ու 5-ն էլ, ենթադրենք, թթվասեր կամ հավկիթ գնել, բայց մյուսները, որ մանկահասակ երեխաներ ունեն ու տանից դուրս գալ չեն կարողանում, զրկվում են սննդամթերքից։

«Կտրոնով պետք է լինի մի շարք ապրանքների վաճառքը, որ, օրինակ, ամեն ընտանիք 2 թթվասերից ավելի չկարողանա գնել։ Այս պահին միայն հացն է, որ առանց հերթերի է վաճառվում, հացի պակասություն չկա դեռեւս, ու հենց դա է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն ահաբեկվում, խուճապի չեն մատնվում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

 

 

 

ՄԵՆԱՇՆՈՐՀ՝ ԱՐՑԱԽՈ՞ՒՄ

Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ: Օրեր առաջ Արցախի կառավարությունը որոշում էր կայացրել բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնել խանութներին: Արցախի պետնախարարը կարեւորել էր ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:

Եվ, ահա, այս որոշումից հետո ահազանգ ենք ստանում Արցախից, որ, կարծես թե, այնտեղ մենաշնորհ է ձեւավորվում, եւ ոչ բոլոր խանութներն են ապրանք ստանում: Մեզ ահազանգած քաղաքացին հայտնում է, որ հերթերը հիմնականում գոյանում են միայն «Կապիտալ» խանութների առջեւ, իսկ դա ենթադրում է, որ թերեւս մենաշնորհ է ձեւավորվում:

 




Լրահոս