Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանում տեղացած ձյունը, ըստ Երեւանի քաղաքապետարանի հավաստումների, որեւէ խոչընդոտ չի առաջացրել:
Իրականությունը, սակայն, այլ է: Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջանների երկրորդական փողոցները, շենքերի բակերը հալված ձյան հետեւանքով առաջացած սառույցի շերտով էին պատված: Քաղաքացիները շենքից մինչ կանգառ, կանգառից աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար ստիպված էին գեղասահորդի հմտություններ բանեցնել:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում:
Լուսինե Հունանյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում որքա՞ն է կազմում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի օրերի ժամանակահատվածը:
Մելինա Մարգարյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման գլուխ 5-ի 34-րդ կետի գ) ենթակետով, ըստ որի՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում 180 օրացույցային օր տեւողությամբ արձակուրդ է տրամադրվում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման կարգի մասին» հրահանգի 34-րդ կետի 3-րդ պարբերությամբ՝ երեխային փաստացի խնամողների ցանկությամբ տրամադրված մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` առանց վարձատրության, եւ այդ ժամանակաշրջանում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում: