Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ.-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022թ.-ի տարեվերջին։ Սանոսյանը երեք անգամ վստահեցրեց մինչեւ տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում. եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։ ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան CivilNet-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է, եւ նախատեսվում է ավարտել 2023թ.-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ եւ այլ հանգամանքներով։ ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023թ.-ի երկրորդ կիսամյակում։ Փաստացի սա Վեդու ջրամբարի՝ մոտ տասնամյակ տեւած կառուցման արդեն երրորդ վերջնաժամկետն է. նախ այն պետք է ավարտվեր 2021թ.-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022թ.-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023թ.-ի ընթացքում։ Ստացվում է՝ ինչպես իր ղեկավարի դեպքում է, Գնել Սանոսյանը եւս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում:
Երեկ՝ կեսօրից, ՀՀ պետական գրեթե ողջ համակարգը կանգ էր առել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները, համակարգիչների առջեւ նստած, հետեւում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին. աշխատանքը կասեցված էր: Հատկապես ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետեւել ասուլիսին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարչապետի մտքից իդեաներ որսան ու ընթացք տան ինչ-ինչ բարձրաձայնումների: Ինչպես հայտնի է, երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս չէր հրավիրում: Ինչպես ինքը՝ վարչապետը խոստովանեց, 2020թ.-ի պատերազմից հետո քաղաքականապես լարված վիճակ էր, եւ լրատվամիջոցների մեջ էլ քաղաքականացվածության մակարդակը բարձր էր, դրա համար ինքը խուսափել է հանդիպել իր երբեմնի գործընկերներին: Այդ առումով երեկվա ասուլիսը սպասված էր: Փաշինյանը, ինչպես նկատվեց, երկար էր պատրաստվել հարցերին. աշխատում էր հունից դուրս չգալ, ձայնը չբարձրացնել: Հասցրեց, սակայն, մի քանի լուրջ բացթողումներ անել. երբ հարցը դուրը չէր գալիս, ասում էր՝ տեղյակ չեմ: Օրինակ՝ այն մասին, որ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն շուրջ 160 համարներում ստերի շարք է հրապարակել՝ Փաշինյանի կողմից հայտարարված, տեղյակ չէր, տեղյակ չէր նաեւ իր թիմակիցների՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին, տեղյակ չէր, որ իր թիկնազորի պետը հարվածել էր օպերատորին, գործն ինչ եղավ, եւ այսպես շարունակ… Ընդհանուր առմամբ, անկարող ղեկավարի տպավորություն թողեց նա երեկվա ասուլիսում:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը: Այն շատ ուշագրավ է. երբ քննիչը Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նշել, որ արագության պահպանման համար իր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա, պատասխանել է. «Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են եւ դրանք կարգավորող իրավական ակտերը: Այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։ Այսինքն՝ ավտոշարասյան արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչ վտանգ կար Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որ պետք էր գերարագ շրջանցել՝ այդ թվում հղի կնոջը սպանելով, քննությունն այդպես էլ չի պարզել: Ողջ ցուցմունքից տպավորություն է, որ կարեւորը վարչապետին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէր: Հիմա կարեւորի մասին. ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ որ իրավական ակտն է թույլ տալիս մարդկանց ոտնատակ անելով արագ սլանալ: Հավելենք, որ նման իրավական ակտ գոյություն չունի, եւ այդ մասին տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է նաեւ Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները զգալի պակասել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 156 մլրդ 396 մլն դրամից դառնալով 75 մլրդ 533 մլն դրամ: Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Միացյալ Թագավորության արտահանած կապիտալը կազմել է 2 մլրդ 405 մլն դրամ։ Օրինակ՝ Չինաստանը 54.1 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Վրաստանն է ավելացրել ուղղակի ներդրումների ծավալները: Գերմանիան զգալի նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները. եթե 2020 թվականի 9 ամիսներին դրանք կազմել էին 43 մլրդ 25 մլն դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները 6 մլրդ 602 մլն դրամ են եղել: Նիդերլանդները 20 մլրդ 246 մլն դրամի չափով իր կապիտալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանել է Հայաստանից: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 7 մլրդ 727 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 59 մլրդ 864 մլն դրամի չափով ներդրում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, եւ շուտով ներդրումների բում է լինելու: Ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է. ներդրողները փախչում են Հայաստանից: