Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։ Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է կիրառել հետեւյալ միջանկյալ միջոցները՝«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթեւեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։

Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «միջանկյալ միջոցների մասին միջնորդությունն առաջնային է մնացած բոլոր գործերի նկատմամբ»։

Ադրբեջանն իր հերթին պահանջել է դադարեցնել Արցախի տարածքի ականազերծումը եւ մանրամասն տեղեկություններ տրամադրել ականների եւ այլ պայթուցիկ սարքերի գտնվելու վայրի եւ բնութագրերի մասին։




Լրահոս