Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։ Հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ (Ադրբեջան), որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի` խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքներից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա:

Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին, իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։

Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին` Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ: Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին` անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»:




Լրահոս