«Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը կքննարկվի երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ժամանակ։ Փաթեթը ներառում է 50 օրենքներ, իսկ նախաձեռնությունը՝ ՀՀ կառավարությանն է:
Ըստ նախագծի հիմնավորման, այս փոփոխությունների նպատակն է՝ ամբողջությամբ վերանայել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Նշվում է, որ 1996 թվականի ընդունված գործող օրենքում լիարժեք նախանշված չեն պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները եւ դրանց պաշտպանության առումով կառավարության լիազորությունների շրջանակն ու մի շարք այլ հարցեր: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները, ինչի արդյունքում, գաղտնի դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում:
Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «Հատուկ կարեւորության», «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր: Հստակեցվում է պետական գաղտնիքի պաշտպանության բնագավառում Կառավարության, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների լիազորությունների շրջանակը:
«Նախագծով առաջարկվում է Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահներին, վարչապետին` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը երաշխավորել համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Պետական մարմինների ղեկավարներին վերապահվում է պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնների անվանացանկերը հաստատելու իրավասություն, իսկ վերոնշյալ պաշտոններում նշանակված հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանվում է պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու պարտավորություն։
Թույլտվությունը մերժվելու է նաեւ այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար, ինչպես նաեւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվությունից ազատվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։
Նախատեսվել են մի շարք լրացուցիչ հիմքեր, որոնց առկայության դեպքում եւս պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվությունը կարող է մերժվել:
Մասնավորապես, թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե անձն օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի ալկոհոլային խմիչքներից, խաղամոլ է, աշխատել է օտարերկրյա հատուկ ծառայություններում, թույլտվությունը նախկինում դադարեցվել է, սոցիալական, նյութական կամ այլ կախվածություն ունի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձից, վերջին 3 տարին մշտապես չի բնակվել ՀՀ-ում կամ դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ:
Սահմանվում է, որ պետական գաղտնիք պարունակող «Հատուկ կարեւորության» եւ «Հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում Ազգային անվտանգության ծառայությանն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու պարտավորություն են կրելու:
Գործադիրը վարչական պատասխանատվություն է սահմանում պետական գաղտնիք պարունակող «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու համար, եթե արդյունքում էական վնաս չի պատճառվել պետությանը, ինչպես նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:
Նաիրա Հովհաննիսյան