Համայնքի էքսկավատորը օրական 15-20 հազար դրամով վարձով է տվել. մանրամասներ Տաթևի նախկին ղեկավարի գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասնելով Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանին հայտնաբերելու և յուրացումներ կատարելու դեպքից:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 2021թ. հուլիսի 28-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցված քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձը՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներով 2016 թ-ից մինչև 2021թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար հանդիսացած Մուրադ Սիմոնյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կատարել խոշոր չափերի դիզվառելիքի վատնում։

Մասնավորապես՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ համայնքապետարանի հաշվեկշռին առկա էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018-2020թթ. ընկած ժամանակահատվածում՝ տարբեր բազմաթիվ օրերի՝ օրական 8 ժամով՝ 1 ժամը 15 հազարից 20 հազար ՀՀ դրամով, տրամադրել է մի ՍՊ ընկերության, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 13 միլիոն 600 հազար ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Ըստ ՔԿ-ի այդ ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2 միլիոն 560 հազար ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքն էլ վատնելու եղանակով հափշտակել է։

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, 2020թ․ ամռանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք։ Իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400 հազար ՀՀ դրամ գումարը համայնքապետարանի բյուջե չի վճարել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

«Ձեռք բերված փաստերի հիման վրա 2021թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Մուրադ Սիմոնյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/, 308-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով/համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին/ մեղադրյալ ներգրավելու մասին:

Նկատի ունենալով, որ մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, նույն օրը որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2023թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվող Մուրադ Սիմոնյանին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննությունն իրականացնող մարմնին:

Նույն օրը մեղադրյալ Մուրադ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերստին քննարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:




Լրահոս