ՀԱՐՑ. Նոր, թե վաղուց կառուցված գետնանցումներում ոչ միայն լուսավորությունն է վատ աշխատում, այլեւ գարշահոտությունը թույլ չի տալիս օգտվել դրանցից: Վերգետնյա անցումները ժողովուրդն ավելի սիրով ընդունեց ու մեծ հաճույքով է օգտվում: Լսել եմ, որ դրանց կառուցումն անհամեմատ ավելի էժան է: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ գնային տարբերության մասին է խոսքը, քանի վերգետնյա անցում կա Երեւանում, երբ եւ քաղաքի որ փողոցներում են նախատեսում նման կառույցներ շահագործել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում առկա է 48 հետիոտնային անցում, որից 9-ը վերգետնյա է: Երեւանի քաղաքապետարանի՝ վերջին տարիների ծրագրերով ստորգետնյա հետիոտնային անցումներ կառուցվել են 2008թ.` Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու եւ Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու հարեւանությամբ: Վերգետնյա անցումների կառուցման համար պահանջվում է 50.0-70.0 մլն. դրամ, ինչը 2-3 անգամ էժան է ստորգետնյա անցումի կառուցման համար անհրաժեշտ գումարի չափից: Քաղաքապետարանի ծրագրով 2011թ. կառուցվել է եւս 3 վերգետնյա հետիոտնային անցում` Ազատության պողոտայում (Լեւ Տոլստոյի անվան դպրոցի մոտ), Դավիթ Անհաղթի փողոցում եւ Շիրազի փողոցի հ.26 շենքի դիմաց:
2012թ. մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել թվով 4 վերգետնյա հետիոտնային անցում` Լենինգրադյան փողոցում («Սեբաստիա» հյուրանոցի մոտ), Արշակունյաց պողոտայում («Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտ), Գ.Հասրաթյան փողոցում` քաղաքապետարանի ծրագրերով եւ Թբիլիսյան խճուղու հ.22/9 հասցեի հատվածում` անհատ կառուցապատողի նախաձեռնությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ստորգետնյա անցումների թիվը դեռեւս գերազանցում է վերգետնյաներին: Ու ինչպես մեր ընթերցողն էր նկատել, դրանք ոչ միայն բարեկարգ ու հաճելի են, այլեւ զգալիորեն քիչ միջոցներ են պահանջում կառուցման համար: Այնուամենայնիվ, նկատենք, որ ստորգետնյա անցումները չէին վերածվի բացօթյա արտաքնոցների, եթե քաղաքային իշխանությունները մտածեին Երեւանում հանրային նորմալ զուգարաններ բացելու մասին, այնպես, ինչպես բոլոր եվրոպական քաղաքներում է: