Խորհրդարանում քննարկվող հարցերը չեն համապատասխանում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը և հավելում.
«Եթե համապատասխանեին, ապա խնդիրները լուծում կստանային, բայց քանի որ չեն ստանում, կարող ենք կարճ եզրահանգում անել, որ ինչ-որ բան ճիշտ չի «աշխատում», իսկ այդ ինչ-որ բանը նստած է Հանրապետության հրապարակում»,-ասում է Կոստանյանը:
Նկատենք, որ իշխող խմբակցությունը մինչ այս տարբեր պատճառաբանություններով տապալել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումները, մերժել է ընդդիմության հեղինակած՝ Լաչինի շրջափակման վերաբերյալ հայտարարությունների ընդունումը:
Աննա Կոստանյանի խոսքով՝ իշխանությունը չի կարողանում քաղաքական կամք դրսևորել և գոնե Հայաստանի ու Արցախի շահերից բխող հարցերում համաձայնության գալ.
«Իշխանությունը պետք է կոմպրոմիսների գնա, իսկ ընդդիմությունը, չունենալով իշխանական լծակներ, այնպիսի նախագծեր է առաջ քաշում, որոնք մեծ հաշվով հայկական գծի մեջ են, հայկական շահին են միտված: Պետք է փորձեն գոնե այս պահին համաձանության գալ երկու կողմերն էլ:Իշխանությունը 2018թ-ից այս կողմից, գոնե Արցախի հարցում չի դրսևորել հայկական շահից բխող կեցվածք և չգիտեմ էլ՝ կգտնվի՞ այդքան ադեկվատ, որ ի վերջո հասկանա՝ ինչ իրավիճակում ենք այսօր: Պետք է գործել՝ ելնելով այն տրամաբանությունից, թե ինչ մարտահրավերների առաջ են այսօրկանգնած Հայաստանն ու Արցախը»,-ասում է ԱԺ նախկին պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան