ՀՂԻ ԿՆՈՋ ՄԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը:

 

2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չհաջողվեց փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն եւս ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։

Այդուհանդերձ, ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել լրացնելու մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել էր, եւ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել է։

Նշենք, որ գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ Ծեծեմ Արամ մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ եւ նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետեւաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Այս ողբերգական դեպքը դատարանում քննվում է, եւ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել քրեական վարույթով վկա, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարց

-Ձեր նախորդ ցուցմունքում նշել եք, որ դեպքի օրը Պարոնյան-Լեո խաչմերուկում երթեւեկության կարգավորող Արամ Զորաբյանը գործողությունները հստակ չենք կարող նկարագրել, քանի որ նա Ձեր ուշադրության կենտրոնում չի գտնվել: Ձեր նախորդ ցուցմունքներում հայտնել եք, որ Ա. Զորաբյանը իր գործողությունները ճիշտ է կատարել: Նման պայմաններում, եթե ուշադրություն չեք դարձրել վերջինիս գործողություններին, ինչպե՞ս կարող եք նշել, որ նա իր գործը ճիշտ է կատարել:

Պատասխան

-Ձեր հարցին նախկինում էլ եմ պատասխանել, որ դեպքին նախորդող պահին Լեո փողոցով երթեւեկող տրանսպորտային միջոցների համար թեեւ միացրած է եղել լուսացույցի թույլատրող ազդանշանը, սակայն այդ մեքենաների վարորդները չեն վերսկսել երթեւեկությունը, որից ելնելով էլ՝ ես կարող եմ միանշանակ նշել, որ կարգավորողը իր գործողությունները ճիշտ է կատարել: Այդ մասին է փաստում նաեւ այն, որ, բացի վրաերթի ենթարկված տուժողից եւ նրանից առաջ փողոցը հատող հետիոտնից, մյուս բոլոր հետիոտները չեն հատում Պարոնյան փողոցը: Բացի այդ, համացանցում տարածված տեսագրությունից էլ է ակնհայտ, որ Արամ Զորաբյանը այդ պահին կանգնած է ճիշտ դիրքով եւ համապատասխան ազդանշաններ է տալիս: Այդ հարցի հետ կապված ավելացնելու բան չունեմ:

Հարց

-Խնդրում եմ հայտնել՝ դեպքի օրը տվյալ ուղեկցման համար շարասյան մեջ գտնվող, այդ թվում՝ Ձեր մեքենայի երթեւեկության արագությունը որքա՞ն է եղել: Դուք նվազեցնելու, արագացնելու եւ շարասյան մեջ գտնվող ավտոմեքենաների վարորդներին արագության վերաբերյալ ի՞նչ հրագանգներ եք տվել:

Պատասխան

-Կոնկրետ ուղեկցման ժամանակ տարբեր արագություններ են ընտրվում, որը որոշվում է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, եւ մեր կողմից պահպանվում է արագությունը, որը ուրիշ կոնկրետ դեպքում Արամ Նավասարդյանի կողմից եթե արագացվել է, ապա անզգուշության արդյունք է եղել: Այդ ուղեկցման ժամանակ պահպանվել է երթեւեկության արագությունը, ժամանակագրությունը շարասյան մեքենաների վարորդների կողմից, ուստի իմ կողմից այդ առումով հրահանգներ չեն եղել:

Հարց

-Ի՞նչ հիմնավորմամբ եք նշել, որ արագության պահպանման համար Ձեր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա։

Պատասխան

-Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են, եւ դրանք կարգավորող իրավական ակտերը եւ այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։

Դատելով շարասյան ղեկավարի վերջին հարց ու պատասխանից՝ կարեւորն այն է, որ ՀՀ վարչապետին բան չլիներ, իսկ թե ով կընկներ տակը, էական չէ, ավելին՝ արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով։ Իր ցուցմունքում Արթուր Սահակյանը նշում է, որ արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով, դրանք կարգավորող իրավական ակտերով: Իսկ ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ ինչ իրավական ակտերի մասին է խոսքը. միգուցե չի տվել հարցը՝ շատ լավ գիտակցելով, որ նման իրավական ակտ գոյություն չունի: Տեւական ժամանակ է, ինչ Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը եւս բարձրաձայնում է, որ նման իրավական ակտ գոյություն չունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՔԱՇՔՇՈՑ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վալտեր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 03:30-ից մինչեւ 03:42-ն ընկած ժամանակահատվածում, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի եւ բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, վիճաբանել է հիշյալ ընկերության շտապ օգնության հերթապահ բժիշկ Կորյուն Ասրյանի հետ, քաշքշել նրա հագուստներից, դուրս քաշել միջանցք, այնուհետեւ 3-4 անգամ ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին եւ կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որն ուղեկցվել է բարձր աղմուկով, բարձր ձայներով եւ հիվանդանոցի աշխատակիցների բնականոն աշխատանքը խաթարելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների եւ քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը հունվարի 9-ին Երեւանի Արարատյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 

 

 

 

ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Աքորի գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսի 15-ին որովայնի եւ կրծքավանդակի հրազենային վնասվածքներով «Ալավերդու բժշկական կենտրոն» է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչի դին: Նույն ժամանակ հիվանդանոց է ընդունվել նաեւ Լոռու մարզի Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը՝ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ։ Վերջինս հայտնել է, որ ինքը կրակել է Աքորի գյուղի բնակչի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատները ծեծի են ենթարկել իրեն: Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ դեպքի նախորդ օրը հիշյալ անձինք պայմանավորվածություն են ձեռք բերել Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ: 2022թ. օգոստոսի 15-ի առավոտյան Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն։ Դրանից հետո Աքորիի բնակիչն օրվա ընթացքում զանգահարել եւ հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ երեկոյան, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, գնացել է հանդամաս եւ վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Քննությամբ պարզվել է նաեւ, որ տուժողի որդին եւ եղբորորդին, որոնք գտնվել են նշված վայրում եւ ականատես եղել դեպքին, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հագվի գյուղի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Ինչ վերաբերում է Հագվի գյուղի բնակչին մարմնական վնասվածքներ հասցնելու դրվագին, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել տուժողի որդու եւ եղբորորդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուժողի հետ հաշտությամբ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքով: Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

 




Լրահոս