2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի՝ հարցազրույցի ժամանակ անդրադարձ էր եղել նաեւ ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային: «Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին-խմբ.) հրաժարական տվեց, շատ արագ այդ հարցը լուծվեց: Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք: Եվ երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաեւ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,- ասել էր Արմեն Գրիգորյանը: Դրանից հետո Արա Այվազյանը պատասխանեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն: Ապա նա ընդգծել էր, որ հրաժարականից մեկ շաբաթ առաջ այն ժամանակ դեռ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդյունավետ եւ դրական էր գնահատել Արտաքին գործերի նախարարության աշխատանքը: Մեկ այլ անգամ Արմեն Գրիգորյանը մանիպուլատիվ հայտարարություն էր արել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ 2021 թվականի ապրիլի 3-ին: «Տեխնոլոգիաների եւ ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ») հրապարակել է ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային եւ հուսալի պետություններից մեկն է»,- ասել էր նա: Սակայն Արմեն Գրիգորյանը մանիպուլացրել էր «ՑԱՍՏ»-ի գնահատականը: Իրականում Հայաստանը բնութագրված է որպես «Միջին կարեւորության եւ մեծ հավատարմություն» ունեցող երկիր, եւ հավելում են. «Հարաբերությունների եւ դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից եւ որդեգրած քաղաքականությունից»: Այսինքն՝ նրա խոսքերում մանիպուլյացիա է առկա:
Գորիսում արցախցիները «սառը» վերաբերմունք են ցույց տվել ՔՊ-ական պատգամավորներին. հանդիպումը հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ամանորից առաջ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հայկ Ցիրունյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանն այցելել են Արցախի շրջափակման հետեւանքով Գորիսում մնացած արցախցիներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, արցախցիները բավականին սառն են ընդունել ՔՊ-ական պատգամավորներին: Ամեն դեպքում, արցախցիներն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ՔՊ-ականներին եւ հասկացրել են, որ Արցախում այսօր ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը հենց իրենք են: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, որն արձագանքեց. «Հանդիպումը հարթ է անցել, որեւէ միջադեպ կամ դժգոհություն չի եղել: Արցախցիներից հետաքրքրվել ենք՝ ինչ խնդիրներ կան, փորձել ենք լուծումներ գտնել, դիմել ենք նաեւ մարզպետարան: Ընդդիմադիր լրագրող էլ է այնտեղ եղել, կարող եք իրենից հարցնել»: Հավելենք, որ այդ հանդիպումից հետո շատ ՔՊ-ականներ խուսափում են այլեւս այցելել արցախցիներին: Նրանցից շատերը արդեն մեկ ամիս է՝ մնացել են Երեւանում եւ չեն կարողանում վերադառնալ Արցախ, բայց իշխող պատգամավորներն այլեւս չեն այցելում:
Հակակոռուպցիոն դատարանում «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հարց ուղղեց կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: «Տիկի՛ն Ալեքսանյան, դատական եւ իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Դուք տարբեր անձանց մասով կալանքի որոշում կայացնելուց առաջ քննարկել եք հարցերը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Արդա՞ր է, որ հիմա միայն Դուք եք մեղադրյալի աթոռին հայտնվել»: Ի պատասխան՝ Արուսյակ Ալեքսանյանն ասաց. «Ովքեր Ձեզ նման բաներ են ասում, գնացե՛ք, իրենցից էլ հարցրե՛ք»: Այլ հարցի չպատասխանեց: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում կայացավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը հետաձգվեց: Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, նախկին դատախազ Վահե Դոլմազյանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւան քաղաքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով: ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Սիլ ինշուրանս»-ը, պարբերաբար հայտնվում է պետական որոշ կառույցների ուշադրության կենտրոնում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ նշելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում» : Հիշեցնենք՝ անցած տարեվերջին գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկել է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Այս շենքը, ինչպես հայտնի է, պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։