ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ այն նույն մտքերն է հիմնականում արտահայտել, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բազմիցս է հնչել նրա շուրթերից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Նա նաեւ նկատում է, որ ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները 3-4 ամսվա ընթացքում ձեւավորված տեսակետի շարունակությունն էին այն իմաստով, որ այդ կառույցի՝ Հայաստանում գործունեությունն այնքան էլ նատակահարմար չէ:
Մեր զրուցակիցը նաեւ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակներից էր ավելի ու ավելի մեղավորությունը գցել ռուսական կողմի վրա ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Առաջինը Հայաստանում ստեղծված իրավիճակում Ռուսաստանի մեղավորությունն ավելի ընդգծելն էր: Երկրորդը՝ ռուսական զորքերի Հայաստանում ներկայությունը վտանգավոր համարելն էր հենց մեր երկրի համար»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա:
-Պարո՛ն Բադալյան, ինչպիսի՞ տպավորություն ստացաք հունվարի 10-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ նրա հնչեցված մտքերից:
-Մեծամասամբ այն նույն մտքերն էին հնչում, ինչը նա 2020 թվականի արցախյան կապիտուլյացիայից հետո բազմիցս, տարբեր առիթներով հնչեցրել էր: Բայց պետք է ասեմ, որ որոշակիորեն որոշ մտքեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեւավորված թրենդի կամ քաղաքականության շարունակությունն էին: Գաղտնիք չէ եւ արդեն նկատելի է այն հանգամանքը, որ, սեպտեմբերից սկսված, ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի են հակառուսական քաղաքականություն իրականացնում: ՀԱՊԿ զորավարժությունների չանցկացնելը Հայաստանում մի փոքր այլ է, բայց տեղավորվում է այդ թրենդի մեջ: Այսինքն՝ եթե նախկինում հակառուսական որոշ հայտարարություններ անելուց հետո դրանք դադարեցվում էին, հերքվում էին, ապա վերջին ամիսներին դրանք ավելի ու ավելի կայուն բնույթ են ստանում, եւ ասուլիսի ժամանակ եւս հենց ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրն այդ քաղաքականության շարունակությունն էր հանդիսանում:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում նրա հայտարարությունները:
-Ամբողջ ասուլիսում բոլոր հարցերը նաեւ տեղավորվում էին այդ մի քանի ամսվա քաղաքականության մեջ՝ ավելի ու ավելի ընդգծել Ռուսաստանի Դաշնության մեղավորությունը ստեղծված իրավիճակում: Երեկ առաջին անգամ ոչ ուղղակի առաջ քաշվեց այն միտքը, որ ռուսական զորքերի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը սկսում է վտանգ սպառնալ Հայաստանին: Փաշինյանը նշեց՝ կգան, զորավարժություն կանեն, հետո կհեռանան, ու այնտեղ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համար դա վտանգ կզգան: Ընդհանրապես, պետք է նայել, թե ռուսական զորքերը ինչպես են վտանգ ներկայացնում. նա փորձում է ինչ-որ բաներ գտնել, բայց առաջին անգամ իր կողմից շրջանառության մեջ դրվեց այն հանգամանքը, որ ռուսական զորքերի առկայությունը վտանգ է հարեւան երկրների համար: Առաջին անգամ էր նման բան ասվում: Անուղղակի ասվել էր այլ առիթներով, սակայն ամենաբարձր մակարդակում սա առաջին անգամ հնչեց եւ դրվեց շրջանառության մեջ:
-Կա՞ր վտանգավոր թեզ, ըստ Ձեզ, մամուլի ասուլիսի ժամանակ:
-Հենց դա էր վտանգավոր, որ ռուսական զորքերի առկայությունը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: Հենց այս թեզը կարող է հետագայում զարգացվել եւ ներկայացվել, որ այդ վտանգը կարող է չեզոքանալ այն դեպքում, երբ ռուսական զորքերն այստեղից հեռանան: Հարցն այն է, որ ռուսական զորքերն այստեղից չեն հեռանալու:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿԵՂԾԻՔԸ ՉԻ ՎԵՐԱՆԱ
Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերեւս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:
Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու: Նրանք շարունակում են. «Յուրաքանչյուր ընտրող կարող է որեւէ մեկին խոստանալ իր ձայնը կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո, ունենալով ազատության, բավարար ապահովվածության ընտրությունը, կատարել իր խղճի եւ համոզմունքների համաձայն: Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետեւ ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը եւ նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:
ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ եթե քվեախցիկների դիրքը փոխեն, եւ հնարավոր լինի ընտրողների հետեւը կանգնել, վերահսկել նրա քայլերը, առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը եւ, որ ամենակարեւորն է, ընտրողի ազատ կամարտահայտությունը, քանի որ անհնար կլինի լուսանկարել քվեաթերթիկը: Իրականում իշխող կուսակցության անդամները ընտրակեղծիքի, ընտրողի քվեարկությունը վերահսկելու նոր մեխանիզմ են գործի դնում, քանի որ նախագծում հստակ չեն գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից: Ընդամենը նշված է. «Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա ե՛ւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի, ե՛ւ ընտրողի ազատ կամարտահայտումը»: Իսկ ո՞րն է պատշաճ հեռավորությունը:
Ով կարող է երաշխավորել, որ ընտրախցիկին մոտեցած՝ ընտրողի հետեւը չեն գալու կանգնեն ինչ-որ մարդիկ՝ հստակ ուղղորդելով՝ ինչպես քվեարկել: Ակնհայտորեն խախտվելու է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Նկատենք, որ քվեաթերթիկ լուսանկարելու պրակտիկա միշտ եղել է, եւ անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում փակ քվեարկությունների ժամանակ լուսանկարում էր քվեաթերթիկը ու հրապարակում: Փաստորեն, Աղազարյանն ու Ասլանյանը պայքարում են հենց իրենց ղեկավարի նախկին գործելաոճի դեմ: Իրականում ապագա ընտրությունները վերահսկելու մեխանիզմ է գործի դնում իշխող ՔՊ-ն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԱՌԵՐԵՍՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն առաջիկայում կազմակերպելու է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը Հակակոռուպցիոն կոմիտեում: Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց: Եւ հիմա որոշվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր Ռուբեն Վարդազարյանը: Ավելին` վերացվել են նաեւ Գագիկ Ջհանգիրյանի, ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու եւ գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումները, եւ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցվեց մի դատավորի հետ նրա զրույցի գաղտնալսման արդյունքում, դրա համար էլ նա իր եւ Ջհանգիրյանի զրույցը հանրայնացրեց: Ստացվում է, որ ԲԴԽ երկու նախագահներն էլ պաշտոնը կորցրեցին գաղտնալսման հետեւանքով:
ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՎԱՐՈՒՄ
Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Թագուհի Ղազարյանը, բացի պատգամավորական գործունեությունը, պարզվում է, նաեւ հաղորդում վարելով է զվաղվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս մայրաքաղաքային սփռման համար լիցենզիա ստացած «ԲունTV»-ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ղազարյանը «Երկիր Նաիրի» հաղորդումն է վարում: Թեեւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը (հոդված 2, կետ 1-ին) Ղազարյանին արգելում է այլ վճարովի աշխատանք կատարել, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից, այնուամենայնիվ, պատգամավորը հաղորդում է վարում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հեռուստաընկերությունից՝ ինչու են հաղորդավար հենց պատգամավորին ընտրել, եւ որքան աշխատավարձ է նա ստանում: «Քանի որ սա հաղորդում է՝ կառուցված կոնկրետ աշխատության շուրջ, դեռ նախորդ տարի Թագուհի Ղազարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Երկիր Նաիրի»-ի մասին է հաղորդումը, հետեւաբար նա էլ հենց հաղորդման հեղինակ-վարողն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին «ԲունTV»-ից: Փաստորեն, ստացվում է՝ ոչ թե հեռուստաընկերությունն է Ղազարյանին առաջարկել հաղորդում վարել, այլ գուցե պատգամավորն ինքն է հաղորդում վարելու առաջարկով հանդես եկել, ինչն էլ ՀԸ-ն չի մերժել: Այս ամենի մասին, իհարկե, նաեւ Թագուհի Ղազարյանի տեսակետն էինք ցանկանում լսել, նա, սակայն, մեր զանգերին ու հաղորդագրություններին հարկ չհամարեց արձագանքել: Իսկ ինչ վերաբերում է վարձատրությանը, ասացին, թե կամավոր է աշխատում՝ առանց վճարի, այսինքն՝ պատգամավորն աշխատում է առանց աշխատավարձի: