2020 թվականի դեկտեմբերի 28-ին պատգամավորներ Ա.Ք.-ի (Անդրանիկ Քոչարյան) եւ Ս.Գ.-ի (Սիսակ Գաբրիելյանի) նկատմամբ խուլիգանական գործողություն կատարած Ա.Ս.-ի եւ Գ.Բ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին հանձնվել են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:
Մասնավորապես, Գ.Բ.-ն հավկիթներով եւ ձնագնդիկներով հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից անմիջապես հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այնուհետեւ, հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթեւեկելի հատվածը: Վերջիններիս միացած Ա.Ս.-ն եւ գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս.Գ.-ի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:
Լուսանկարը՝ 2020թ.
Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից եւ առաջարկել բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Ս.Գ.-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջեւ, որի ընթացքում Ա.Ս.-ն եւ ինքնությունները չպարզված մասնակիցները հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս.Գ.-ին, քաշքշել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Ս.-ն եւ չպարզված անձինք, հրմշտելով եւ ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը, հետապնդել են Ս.Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Ա.Ս.-ի եւ վարույթով դեռեւս չպարզված անձանց խուլիգանական գործողությունները դադարել են դեպքի վայրում գտնվող ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում ժամը 11:20-ին՝ Ա.Ս.-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո:
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի եւ Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, եւ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով):
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում էր: Նրա գործով առաջին նիստն էր, որը հետաձգվեց, քանի որ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները ծանրաբեռնվածության պատճառով չէին կարողացել գալ դատարան: Նկատենք, որ նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանին վրդովվեցրեց մեղադրյալներ էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ներքին զրույցն ու ծիծաղը:
Գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւան քաղաքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարեց դատավոր Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել էին դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տեւած քննության արդյունքում բավարարվել է։
Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։ Դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը, եւ այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Շիրակին մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պեմզաշենի երեք սպանությունների գործով երկու մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի եւ Արկադի Բարսեղյանի կալանավորմումը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում՝ սեփական տանը, սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը, հակառակը, չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը: Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
ԿԱՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐ
Երեկ՝ վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում եւ Երեւանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:
Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաեւ 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված եւ միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:
Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար:
ArmLur.am-ի հետ զրույցում Գերասիմ Վարդանյանը հայտնեց, որ իր բնակարանը մտել են ժամը 7-ին, տարել են կրիչ, որի մեջ եղել է իր թեզի պաշտպանությունը: Ժամը 15:00-ին իրեն կանչել են հարցաքննության Քննչական կոմիտե քրեական վարույթի շրջանակներում:
«Ես հայտարարում եմ, որ միգուցե այսօրվա դեպքերը կապ ունեն Վճռաբեկ դատարանի երեկվա որոշման հետ: Դատախազի տեղակալը բողոքարկել էր իմ կալանքի հարցը, ինչն էլ Վճռաբեկը մերժել էր, եւ ես մնացել եմ ազատության մեջ: Ես այս ամենի տերերին ու տիրոջը ճանաչում եմ. տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա տերը՝ Ալիեւը, ինձ չեն վախեցնի, իմ ընտանիքին չեն վախեցնի, ուղղակի ցավը այն է, որ իր ընկերներին են թիրախավորել, ինչը չի ներվելու: Այս պահին ես Արարատի մարզի «Դաշնակցության» գրասենյակում եմ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ