«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ արցախցի պատգամավորների երեկվա հանդիպումից: Արցախից մեզ հայտնեցին, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են մեծ մասամբ անվտանգային հարցեր: Արայիկ Հարությունյանը արցախցի պատգամավորներին հստակ ասել է, որ իրավիճակն Արցախում ծայրահեղ է, իսկ Լաչինի միջանցքի հարցն, առհասարակ, փակուղում է. Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ որեւէ կողմի հետ:
Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված խոսակցություններին, Արցախից մեզ մանրամասնեցին, որ թեեւ ոչ ուղիղ տեքստով, բայց խոսվել է, որ հրաժարականի պահանջը գալիս է Հայաստանի իշխանություններից եւ Արեւմուտքից: Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված:
Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում վստահեցրել է, թե Ռուբեն Վարդանյանի հետ անձնական որեւէ խնդիր չունի: Արցախում բոլորը գիտեն, որ իրականում թեեւ տպավորություն կա, թե Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից են նշանակել պետնախարար, իրականում այդպես չէ, առավել եւս՝ որ ՌԴ շահի դեմ Վարդանյանն արդեն դուրս է եկել իր տարբեր հայտարարություններով, այսինքն՝ Վարդանյանը «ռուսների մարդը չէ», նրան Արայիկ Հարությունյանն է նշանակել՝ չճշտելով այդ նշանակումը ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի հետ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում