ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն երեկ ընդլայնված խորհրդակցություն էր հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

 

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարմանը: «Իրավիճակը բարդ է, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաեւ էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլեւ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարեւորելով ներքին ռեսուրսների խնայողական օգատագործումը:

 

Իրավիճակը բարդ է նաեւ մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը եւս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:

Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը: «Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգեւորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը»:

Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին եւ վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին. «Չեմ ուզում շնորհավորել նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»:

Պետնախարարը նշել է, որ կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական, եւ շարունակում է ամեն ջանք գործադրել ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ, որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, եւ բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարեւորել է բնակչության շրջանում իրազեկման եւ բացատրական աշխատանքների իրականացումը եւ պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:




Լրահոս