
Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման․ տեղեկացնում են Արցախի տեղեկատվոկան շտաբից։ Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։ Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։
Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ։
Ինչ է դա նշանակում
Ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը շարունակում է բախվել կենսական կարիքների բավարարման լուրջ դժվարությունների հետ:
Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, նախադպրոցական հաստատություններ և հանրակրթական դպրոցներ ստիպված դադարեցրել կամ խիստ սահմանափակել են իրենց գործունեությունը: